Մատչելիության հղումներ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գնում է «իշխանափոխության»


Նախընտրական դաշինքի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, 13-ը փետրվարի, 2017 թ․

Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանն այսօր նախընտրական դաշինք կազմելու մասին համաձայնագիր ստորագրեցին՝ հայտարարելով, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալ է պետք, ինչի համար իշխանափոխություն է անհրաժեշտ: Ձեռք բերված համաձայնությունը նրանք «պատմական» որակեցին:

«Մենք վստահ ենք, որ այս ապօրինի իշանությունն ապրում է իր վերջին օրերը, և մենք միասին պիտի բերենք Հայաստանի սահմանադրականությունը, անկախությունը և ազատությունը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վարդան Օսկանյանն, իր հերթին, ասաց՝ «Կանգնած ենք մի պատմական պահի առաջ, երբ զգում ենք այդ պատասխանատվությունը, միասին կարողանալու՝ երկրում իրավիճակ փոխել, հաղթանակը մերն է լինելու»: Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ «Ամենամեծ թերությունը, որ այսօր գոյություն ունի՝ իշխանությունների և հասարակ մարդկանց միջև այդ անջրպետը, մենք փորձելու ենք վերացնել»:

Այդուհանդերձ, ի տարբերություն դաշնակիցների, Սեյրան Օհանյանի բառապաշարը կոշտ չէր: Նա իր ելույթում հիմնականում ընդհանրական, անհասցե քննադատություն հնչեցրեց և նախընտրական խոստումներ տվեց: Իսկ միջոցառման ավարտին պաշտպանության նախկին նախարարը հստակ չասաց՝ արդյո՞ք պատրաստվում է նաև հետընտրական պայքարի, կամ հնարավոր համարու՞մ է Հանրապետականի հետ կոալիցիան:

«Ոչ միայն այս դաշինքը, այլ յուրաքանչյուր կուսակցություն և յուրաքանչյուր քաղաքական ուժ, որոնք այսօր ձևավորվել են, գնում են իշխանություն ձևավորելու: Նույնն էլ մենք, գնում ենք իշխանություն ձևավորելու: Ովքեր կարողանան ժողովրդի մոտ մեծ քվեներ ձեռք բերել, հենց նրանք էլ կլինեն այդ իշխանության տերը: Այն, որ այսօր համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ոչ միայն ես, այլ ժողովրդի 99 տոկոսն է նկատում: Եվ ես նրանց հետ համամիտ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:

Հանրահավաքները Սեյրան Օհանյանը չբացառեց: Իսկ եթե ոստիկանություն ու բանակ հանվի ժողովրդի դեմ: 2008-ի մարտի 1-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Օհանյանն, այս հարցին ի պատասխան, ասաց՝ ամեն ինչ պիտի օրենքի շրջանակում լինի` «Այն ուժերը, որոնք գոյություն ունեն՝ պաշտպանելու մեր ներքին անվտանգությունը, իրենք պետք է գործեն բացառապես օրենք շրջանակներում, իսկ բանակը մեր ներքին քաղաքական կյանքում, իհարկե, անելքի չունի, բանակը միշտ էլ զբաղվել է իր խնդիրներով»:

«Մարտի 1»-ի մեղավորներին բացահայտելու՞ եք», այս հարցին ի պատասխան, պաշտպանության նախկին նախարարը նշեց՝ «Ոչ միայն «մարտի 1»-ի, ինչու՞ ենք մենք շեշտը դնում միայն «մարտի 1»-ի վրա: Եթե գործեր կան, որոնք չբացահայտված են և օրինապահ մարմինները զբաղվում են, պետք է մենք հասցնենք մինչև վերջ»:

Շուրջ երկու տասնամյակ Ղարաբաղում և Հայաստանում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Սեյրան Օհանյանն, այնուամենայնիվ, այսօր ընդունեց մի բան՝ նախկինում երբևէ չէր բարձրաձայնել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ «Քաղբանտարկյալներ այսօր, իհարկե, կան, բայց այսօր ես չեմ ուզում այդ ուղղությամբ որևէ․․․»: Ըստ իրավապաշտպանների, քաղաքական հայացքների համար են ազատազրկված Սեյրան Օհանյանի մարտական ընկերներ, ազատամարտիկներ՝ Վոլոդյա Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը:

Իր պաշտոնավարման շրջանի նախկին գործընկեր Սերժ Սարգսյանի հասցեին բավական կոպիտ քննադատություն Օհանյանն այսօր լսեց մինչև համաձայնագրի ստորագրումը՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի շուրթերից: «Համակարգային կոռուպցիա, ընտրությունների անընդհատ կեղծում, անարդար դատարաններ, քրեա-ֆեոդալական իշխանություններ, ինքնիշխանության կորուստ, քաղբանտարկյալներ»,- նկարագրելով հայաստանյան իրականությունը, թվարկեց Արմեն Մարտիրոսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չշփվեց լրագրողների հետ, իսկ Վարդան Օսկանյանը կարճ հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց՝ հետընտրական շրջանում կհամագործակցեն ընդդիամդիր բոլոր ուժերի, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի հետ: Միակ բացառությունը իշխող Հանրապետականն է: «Եվ՛ ընտրությունների ընթացքում, ազատ արդար ընտրություններ ապահովելու առումով․․․ եթե պետք է ընդհանուր շտաբ ստեղծել, այդպիսի համաձայնություն լինի, մենք պատրաստ ենք դրա մեջ ներգրավվել, և՛ ընտրություններից հետո պատրաստ ենք համագործակցել, պայմանավորվել, կառավարություն կազմել ցանկացածի հետ, որպեսզի հնարավոր լինի իսկապես Հայաստանում իրականացնել իշխանափոխություն: Այսօր Հայաստանի զարգացման հիմնական արգելակող գործոնը դա իշխանություններն են: Իշխանափոխությունն այսօր Հայաստանում հացի ու ջրի նման պետք է»,- ասաց Վարդան Օսկանյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» պաշտոնական անվանումով այս դաշինքի կազմում են նաև Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցությունը, հանրությանը ոչ շատ հայտնի մի շարք այլ ուժեր, կազմակերպություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG