Մատչելիության հղումներ

Լիբանանահայ պատմաբանը հրատարակել է ՀՅԴ արխիվային փաստաթղթերի ժողովածուն


ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը, արխիվ
ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը, արխիվ

ՀՅ Դաշնակցության անդամ, լիբանանահայ պատմաբան, արխիվագետ Երվանդ Փամբուկյանն օրերս Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում շնորհանդեսին ներկայացրեց ՀՅԴ արխիվային փաստաթղթերի ժողովածուն՝ 12 ստվարածավալ հատորներով:

«Ազատությանը» տված հարցազրույցում Փամբուկյանը ասաց․ - «12-րդ տարին է արդեն, որ այս գործով զբաղվում եմ: Այո, շատ դժվար աշխատանք է հին փաստաթղթերը երևան բերելը, և վերծանելը, ծանոթագրելը՝ ամենադժվար բանն է»:

Նա նշեց, որ ժողովածուն հրատարակել է Բեյրութում: «Այդ փաստաթղթերը մեր կուսակցության կենտրոնական արխիվատանն են, որ գտնվում է Ամերիկայում Բոստոնի մոտ՝ Ուոթերթաուն կոչվող՝ արվարձան չէ, առանձին քաղաք է, բայց կից է Բոստոնին, ուր գտնվում է մեր «Հայրենիք»-ի շենքը․ «Հայրենիք» շաբաթաթերթն է, ՀՕՄ-ի կենտրոնական վարչությունն է, Հայ երիտասարդաց դաշնակցության կենտրոնն է՝ ամեն ինչի կենտրոնը այնտեղ է, և հատուկ կերպով կառուցված ներքնահարկ է՝ ամբողջությամբ բետոնապատ և օդափոխիչներով, սարքավորումները լավն են», - փոխանցեց Փամբուկյանը:

«Դուք բոլո՞ր փաստաթղթերն եք հրապարակել, թե՞ կան փաստաթղթեր, որ հրապարակելի չեն», - այս հարցին նա արձագանքեց․ - «Ոչ, ընդհակառակը, այն, որ հրապարակելի չէ՝ դրանք զատում և հրապարակում եմ: Բայց պետք է պատկերացնեք, որ միլիոնավոր փաստաթղթերի մասին է խոսքը, Դուք չեք կարող երևակայել, որ Վան-Վասպուրականի շրջանից տարեկան 2 հազար փաստաթուղթ էր գնում՝ այնտեղ հավաքված, և այդ դժվար տարիներին՝ տաճկական և ցարական խիստ գրաքննության ներքո հաջողում էին ինչ-ինչ ճամփաներով հասցնել այդ բոլորը Ժնև՝ այն ժամանակ կենտրոնը Ժնևում էր, «Դրօշակ»-ի խմբագրատանն էին հավաքվում այդ փաստաղթերը, և այնտեղից է, որ ուղարկվում էին»:

Հարցին, թե 12 հատորում քանի՞ փաստաթուղթ է ընդգրկել, Փամբուկյանը պատասխանեց․ - «Ամեն հատորում պետք է միջին հաշվով 400 փաստաթուղթ [լինի]: Պետք է ընտրովի լիներ, չէ՞՝ ամենակարևոր փաստաթղթերն են, պատմական արժեք ներկայացնող փաստաթղթերը հրատարակել»:

Այս մատենաշարի յուրաքանչյուր հատորը մոտ 500-էջանոց ժողովածու է, և ինչպես «Ազատության» հետ զրույցում նկատեց Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Երվանդ Փամբուկյանն իրոք հսկայածավալ աշխատանք է կատարել այս տարիների ընթացքում:

Ի պատասխան «Ազատության» հարցի, թե ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս արխիվային փաստաթղթերի հրապարակումը, Մելքոնյանը շեշտեց․ - «Ինչ որ արել է պարոն Երվանդ Փամբուկյանը՝ սա ուղղակի մեկ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է: Որպես կանոն՝ հետազոտողների մեծագույն մասը երբ որ նման ահռելի նյութի տեր են դառնում, սկսում են այս ամենը վերածել հետազոտությունների: Ինքը այս հատորները ուղղակի սկուտեղի վրա մատուցեց մեզ՝ պատմաբաններիս, և ես կարող եմ ասել, որ այս աշխատության վերնագիրը շատ ավելի համեստ է, քան իրականության մեջ իր բովանդակած նյութն է: Այսինքն, սա նյութեր է ոչ միայն ՀՅ Դաշնակցության պատմության համար, այլև նյութեր է ընդհանրապես հայոց նոր և նորագույն ժամանակների ազգային ազատագրական շարժումի, պետականության համար պայքարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG