Մատչելիության հղումներ

Հայաստան-Վրաստան էլեկտրագծի կառուցման միջազգային մրցույթն ընթացքի մեջ է


Ծրագրի իրականացումը փոխշահավետ էներգետիկ համագործակցության հնարավորություն կստեղծի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան գծի երկայնքով:

Հայաստանի և Վրաստանի միջև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանների կառուցման մրցույթի հայտ են ներկայացրել արտասահմանյան 7 ընկերություններ: Վկայակոչելով Հայաստանի էներգետիկայի նախարարության հաղորդագրությունը, այս մասին հաղորդում են վրացական և ռուսական լրատվամիջոցները: Այդ ընկերություններից մեկը «Տաշիր գրուպ»-ում ընդգրկված «Կասկադ» ընկերությունն է:

Նշված էներգետիկ ծրագրով նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ Այրում ավանում կառուցել հաստատուն հոսանքի բարձր լարման տրանսֆորմատորային կայան և ենթակայաններ: Այրումում այդ աշխատանքները կատարելու համար հայտարարված մրցույթին հայտ են ներկայացրել երեք ընկերություն՝ գերմանական Siemens AG-ն, չինական Sinohydro Corporation-ը և ABB AB-COBRA շվեդա-իսպանական կոնսորցիումը:

Բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման համար հայտ է ներակայացրել 6 ընկերություն, որոնցից մեկը չինական նույն՝ Sinohydro Corporation ընկերությունն է: Մյուս հինգի թվում են իսպանական, խորվաթական, երկու հնդկական և մեկ ռուսական ընկերություններ: КАСКАД-ЭНЕРГО ռուսական ընկերությունը ևս ընդգրկված է ռուսաստանցի մեծահարուսատ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խմբում:

Հայաստանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ մրցույթի հաղթողները կորոշվեն ներկայացված փաթեթների ուսումնասիրումից հետո: Ծրագրի առաջին փուլի համար ներգրավված են 188 միլիոն եվրոյի վարկային և դրամաշնորհային միջոցներ: Նախատեսված է, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի:

Առաջին փուլի ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները կաճեն՝ 200 մեգավատից հասնելով 350-ի, երկրոդ փուլում այդ ցուցանիշը կկազմի 700, իսկ ծրագրի ավարտին այն կհասնի 1050 մեգավատի:

Այս ծրագրի իրականացումը էներգափոխանակման հնարավորություն կտա ոչ միայն երկկողմ՝ Հայաստան-Վրաստան շրջանակում: Այն փոխշահավետ էներգետիկ համագործակցության հնարավորություն կստեղծի նաև Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան գծի երկայնքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG