Մատչելիության հղումներ

Կառավարությունը չեղյալ ճանաչեց վաղը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իր որոշումը


Վարչապետ Կարեն Կարապետյանը վարում է կառավարության նիստը, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյանը վարում է կառավարության նիստը, արխիվ

Այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարությունը չեղյալ է ճանաչել իր փետրվարի 9-ի որոշումը Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, թե հարցի առնչությամբ Ազգային ժողովի ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են եզրակացության, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հնարավոր կլինի ամբողջովին ընդունել խորհրդարանի փետրվարի 27-ին սկսվող քառօրյայում, ուստիև առաջարկվել է չեղյալ ճանաչել համապատասխան որոշումը:

Հիշեցնենք՝ կառավարությունը հինգշաբթի օրը որոշել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել փետրվարի 14-ին ժամը 12-ին:

Կառավարությունը այսօր արտահերթ նիստի ժամանակ հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագծին և այն ճանաչել անհետաձգելի: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսգրքի երկու նոր հոդվածին համապատասխան մի շարք այլ հոդվածներում ևս փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելուն: Սահմանվում են նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու և վկայակոչված վարչական իրավախախտումներով վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինները: Նախատեսվում է նաև, որ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվեն մեկ ամսվա ընթացքում:

Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով, ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG