Մատչելիության հղումներ

Բերդիմուհամեդովը կշարունակի ղեկավարել Թուրքմենստանը ևս առնվազն 7 տարի


Թուրքմենստան - Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը քվեարկում է ընտրություններում, Աշգաբատ, 12-ը փետրվարի, 2017թ․

Կիրակի օրը Թուրքմենստանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնց մասնակցել են երկրի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 97 տոկոսը:

Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների, գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստացել է ձայների 97.69 տոկոսը և կպաշտոնավարի երրորդ անգամ:

Այս անգամ Բերդիմուհամեդովը, ըստ փոփոխված Սահմանադրության, ընտրվել է ոչ թե հինգ, այլ յոթ տարով: Սահմանադրական վերջին փոփոխություններով, երկրում վերացվել է նախագահի թեկնածուների տարիքային ցենզը, նաև՝ նույն անձը կարող է նախագահի պաշտոնը զբաղեցնել անսահմանափակ անգամ:

Գազի հարուստ պաշարներ ունեցող նախկին խորհրդային հանրապետությունն այսօր որոշ խնդիրների ունի դրա արտահանման հետ: Թուրքմենստանն այսօր գազ է մատակարարում միայն Չինաստանին՝ նվազագույն գնով, և ստացված գումարի զգալի մասն ուղղվում է հենց չինական վարկերի մարմանը:

Ռուսաստանյան «Գազպրոմը» անցած տարի չեղարկեց պայմանագիրը Թուրքմենստանի հետ․ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ գնի հարցում։ Դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը շարունակվում է ցայսօր:

Մինչև վերջերս օրակարգում էր թուրքմենական գազը ադրբեջանական անդրկասպյան գազատարով Եվրոպա հասցնելու ծրագիրը: Ադրբեջանը, սակայն, կարծես թե չի շտապում համագործակցել Թուրքմենստանի հետ:

Ճգնաժամը հաղթահարելու հարցում Թուրքմենստանին կարող է օգտնել Եվրամիության հետ առևտրի մասին պայմանագիրը, որը թույլ կտա թուրքմենական գազը արտահանել Եվրոպա: Սակայն Բրյուսելը մի շարք հարցեր է բարձրացրել՝ կապված մարդու իրավունքների հետ, և չի շտապում պայմանագիր կնքել Աշգաբադի հետ:

Խնդիրը լուծելու համար երկրի իշխանությունը որոշել է ցույց տալ, թե անցկացնում է ժողովրդավարական ընտրություններ․ հրավիրել էին միջազգային դիտորդների, լայնածավալ ընտրաշավ էին կազմակերպել, անգամ քաղաքական գովազդ էր նախատեսվել հեռուստատեսությամբ:

Գործող նախագահի հետ մրցակցում էին ութ թեկնածուներ, ինչը, սակայն, Բերդիմուխամեդովին չխանգարեց ստանալ քվեների շուրջ 98 տոկոսը:

Բերդիմուխամեդովը նույնիսկ հրաժարվել էր որպես թեկնածու իրեն հասանելիք անվճար գովազդային եթերաժամանակից՝ այն տրամադրելով մրցակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG