Մատչելիության հղումներ

Մարուքյան․ «Պատրաստ ենք նվազագույն ռեսուրսներով հասնել առավելագույն արդյունքների»


«Ելք» դաշինքը պատրաստ է նվազագույն ռեսուրսներով հասնել առավելագույն արդյունքների: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարեց դաշինքին մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Հիմա սա է Հայաստանի վիճակը: Հիմա Հայաստանի վիճակը այն է, որ գործարարները վախենում են մեզ աջակցել՝ բոլորը գիտեն: Մարդիկ վախենում են անգամ գրասենյակի տարածք տալ», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Էդ պայմաններում ենք մենք գործում ու էդ պայմաններում ենք մենք գործելու, բայց դա որևէ կերպ չպետք է մեզ հետ պահի էն գործից, ինչով որ մենք զբաղվում ենք»:

«Հասկանալի է, այո, գումարի խնդիր կա, ֆինանսական ռեսուրսների խնդիր կա, բայց այլընտրանքը ո՞րն է՝ այլընտրանքը հանձնվե՞լն է․ երբեք, երբեք մենք չենք զիջելու», - վստահեցրեց նա:

«Մենք տեսնում ենք, որ Հանրապետականը չի պատրաստվում հրաժարվել օլիգարխներից, և չի բացառվում, որ մենք տեսնենք մեզ բոլորիս ծանոթ դեմքերին նաև հաջորդ խորհրդարանում՝ այդ ռեյտինգային քվեարկության միջոցով և այլն: Սա ձեզ ինչ-որ չափով մտահոգո՞ւմ է», - «Ազատության» այս հարցին Մարուքյանը արձագանքեց․ - «Գիտե՞ք, դա կախված է քարոզարշավի տրամաբանությունից: Հիմա, տեսեք, քարոզարշավի տրամաբանությունը՝ իրենց պատկերացրած տրամաբանությունը, այն է, որ իրենք ամեն տարածքում, որտեղ 15 մարդու տեղ կա՝ 15 մարդ կառաջադրեն, որտեղ 7 մարդու՝ 7 մարդ կառաջադրեն, այս մարդիկ գումար կբաժանեն կամ իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը կօգտագործեն, անհատական, իրենց անձի վրա ձայն կհավաքեն, և էդ ձայնը կդառնա Հանրապետական կուսակցության ձայնը՝ սա իրենց տրամաբանությունն է: Մեր տրամաբանությամբ՝ պետք է գնալ հակառակ ճանապարհով և ասել, որ Հանրապետական կուսակցության թերթիկը վերցնելը՝ դա Հայաստանի այսօրվա ստատուս քվոն պահպանելու թերթիկն է»:

Այդ ստատուս քվոն, ըստ Էդմոն Մարուքյանի, «ամենաբարձր մակարդակում գտնվող կոռուպցիան է, ստատուս քվոն այս արտագաղթն է, որ մենք ունենք, ստատուս քվոն այս ծանր սոցիալական վիճակն է, որ մենք ունենք, այն բլոկադան է, որ մենք ունենք, արտաքին քաղաքականության բնագավառում խայտառակ իրավիճակներն են, որ հերթականությամբ մենք տեսնում ենք՝ սա՛ է ստատուս քվոն»: «Եվ եթե դուք ուզում եք պահպանել այն, ինչ այսօր կա, վերցրեք այդ թերթիկը, ձեր հարևան, չգիտեմ, Խաչատուրի կամ չգիտեմ ում համար՝ հանուն նրա վերցրեք, բայց էլի հինգ տարի դուք որևէ բան որևէ բողոքելու իրավունք չեք ունենալու», - շեշտեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 12-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG