Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի հանդեպ վերաբերմունքը նախկին ԽՍՀՄ տարածքում և Արևելյան Եվրոպայում խիստ տարբեր է


Հարավկովկասյան տարածաշրջանում հետևյալ պատկերն է՝ հարցված հայաստանցիների միայն 8 տոկոսն է ՆԱՏՕ-ն համարել պաշտպան կառույց, մինչդեռ, հարևան Վրաստանում այդ թիվը 37 է, Ադրբեջանում՝ 21:

Ամերիկյան Gallup սոցիոլոգիական հայտնի կենտրոնը հարցում է անցկացրել՝ պարզելու հետխորհրդային, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վերաբերմունքը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հանդեպ:

Հարցումներն անցկացվել են ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ ոչ անդամ երկրներում: Հարցվողները պետք է ընտրեին առաջարկված երեք պատասխաններից մեկը, դրանք են՝ 1. ՆԱՏՕ-ն ընկալում ենք որպես երկրի պաշտպան, 2․ ՆԱՏՕ-ն համարում ենք մեր երկրի համար սպառնալիք, 3․ ՆԱՏՕ-ն ընկալում ենք, որպես չեզոք կառույց, որը ոչ պաշտպանում է մեր երկիրը, ոչ էլ սպառնում նրա անվտանգությանը:

Ըստ ստացված արդյունքների, հարցված հայաստանցիների 8 տոկոսն է միայն համարում, որ ՆԱՏՕ-ն Հայաստանը պաշտպանող կազմակերպություն է, 20 տոկոսն այն սպառնալիք է համարում, 38 տոկոսն էլ հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանի հանդեպ չեզոք կառույց է գնահատում:

Ի համեմատություն, նշենք՝ հարևան Վրաստանում ՆԱՏՕ-ն որպես պաշտպան է ընկալում հարցվածների 37 տոկոսը: Սա ամենաբարձր ցուցանիշն է հետխորհրդային տարածքում, չհաշված՝ մերձբալթյան երկրները, որոնք ուրիշ ցանկում են ընդգրկվել: ՆԱՏՕ-ն իրենց երկրի պաշտպան համարողների կշիռը մեծ է նաև Ուկրաինայում՝ հարցվածների 29 տոկոս ցուցանիշով, Ղազախստանում այդ ցուցանիշը 25 տոկոս է: Ադրբեջանում ևս հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպան համարողներն ավելի շատ են, քան սպառնալիք համարողները, համապատասխանաբար՝ 21 և 16 տոկոս:

Հետխորհրդային երկրների շարքում ՆԱՏՕ-ի հանդեպ ամենաբացասական վերաբերմունքը գրանցվել է Ռուսաստանում և Բելառուսում: Այս երկու երկրներում հարցվածների նույն թիվը՝ 3-ական տոկոսն է միայն ՆԱՏՕ-ն ընկալում որպես իրենց երկրի պաշտպան: Հարցված բելառուսցիների 54 և ռուսաստանցիների 67 տոկոսի կարծիքով էլ ՆԱՏՕ-ն սպառնալիք է: Սա Ռուսաստանում գրանցված ամենաբարձր «բացասական» ցուցանիշն է՝ սկսած 2008 թվականից, երբ Gallup-ը սկսեց անցկացնել այս հարցումները:

2016 թվականին անցկացված այս հարցումների արդյունքներն արտացոլում են նաև վերջին տարիներին տեղի ունեցած գլոբալ իրադարձությունների ազդեցությունը: Այսպես՝ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնազավթելուց հետո՝ 2014-ին կատարված հարցումներով, ուկրաինացիները ՆԱՏՕ-ն ավելի շուտ դիտարկում էին որպես իրենց երկրի պաշտպան (36 տոկոս), քան սպառալիք (20 տոկոս): Մինչդեռ, 2016-ի հարցումներով, տարբերությունը կրճատվել է: ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պաշտպան համարողների թիվը 36 տոկոսից իջել է 29-ի, իսկ սպառնալիք համարողների թիվը ավելացել է՝ 20 տոկոսից հասնելով 35-ի:

Փորձագետները դա բացատրում են հանգամանքով, որ Ուկրաինայի բնակչությունը հոգնել է երկարատև հակամարտությունից, տնտեսության վատ վիճակից ու երկրում հանցավորության աճից: Չտեսնելով հակամարտության ավարտի հստակ նշաններ, ուկրաինացիները, փաստորեն, կարող են կորցնել վստահությունը շարունակվող ճգնաժամի հաղթահարմանն աջակցելու՝ ՆԱՏՕ-ի կարողությունների հանդեպ:

Հետխորհրդային երկրներում գրանցված արդյունքների վերլուծությունը փաստում է, որ այնտեղ՝ հատկապես Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող պետություններում, գերիշխում է ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք ընկալող տեսակետը: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, մինչդեռ, հակառակ տեսակետն է գերիշխում: Օրինակ, ՆԱՏՕ-ն որպես պաշտպան են դիտարկում Կոսովոյում հարցվածների 90, Ալբանիայում հարցվածների 70 և Լեհաստանում հարցվածների 62 տոկոսը:

Այս տարածաշրջանում միայն Մոնտենեգրոյի և Սերբիայի բնակիչներն են ՆԱՏՕ-ն ավելի շուտ սպառնալիք, քան պաշտպան համարել: Մասնավորապես, սերբերի ընդամենը 6 տոկոսն է ՆԱՏՕ-ն ընկալում որպես պաշտպան, 64 տոկոսի կարծիքով էլ այն սպառնալիք է իրենց երկրի համար: Այս թիվը ամենամոտն է ռուսաստանցիների տեսակետին, որտեղ, հիշեցնենք՝ 67 տոկոսն էր ՆԱՏՕ-ն սպառնալիք համարել:

Բալկաններում ՆԱՏՕ-ի հանդեպ մի կողմից կոսովարների ու ալբանացիների, մյուս կողմից սերբերի՝ միմյանցից խիստ տարբերվող վերաբերմունքը բացատրվում է նախկին Հարավսլավիայի փլուզման ժամանակ տեղի ունեցած ռազմական հակամարտությունում ՆԱՏՕ-ի դերակատարությամբ․ դաշինքն աջակցել էր կոսովարներին և ալբանացիներին՝ Սերբիայի դեմ պայքարում:

Չնայած ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի գնահատականին, թե ՆԱՏՕ-ն հնացած է, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ն ընկալվում է որպես իրենց երկրների պաշտպան կառույց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG