Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Եղնուկյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան


Կարո Եղնուկյանը դատարանի դահլիճում, արխիվ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր դատարանում կրկին պնդեց, թե իր պաշտպանյալ Կարո Եղնուկյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան․ - «Դատարանները, ըստ էության, օրինականացնում են անօրինական որոշումները: Հետաքրքրիր է, որ այսօր դատախազությունը ոչ թե որոշում է և մերժում է մեր միջնորդությունը, այլ չի քննում»:

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի փաստաբանը, հիշեցնենք, հայց էր ներկայացրել Գլխավոր դատախազության դեմ՝ պնդելով, թե իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին մոտ 40 հասարակական, քաղաքական գործիչների, իրավապաշտպանների միջնորդությունը դատախազությունը պարզապես չի քննել։

Նիստն այսօր ուշացումով սկսվեց: Դատավոր Գագիկ Պողոսյանը ներկաներից մեկին նկատողություն արեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորելու ու ոտքի չկանգնելու համար։

Քիչ անց Կարո Եղնուկյանը նկատեց՝ դատավորը վատ է տրամադրված․ - «Ինձ թվում է, որ Դուք լավ չեք տրամադրված այսօր: Հույսով եմ, որ դա չի անդրադառնա Ձեր որոշումին»:

Դատավորը վստահեցրեց, որ բացարձակ չի անդրադառնա, ինչին Եղնուկյանն արձագանքեց․ - «Ուրախ եմ»:

Փաստաբանի խոսքով, մտավախությունը, թե «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ մեղադրվող Եղնուկյանը կարող է դատաքննությունից խուսափել կամ խոչնդոտել քննությանը անհիմն է։

«Ես փախչել չեմ պատրաստվում», - դատարանում հայտարարեց ընդդիմադիր գործիչը՝ ասելով, թե եթե նույնիսկ ցանկություն ունենար, միայն ամերիկյան անձնագրով դա անել չէր կարող։ Կարո Եղնուկյանի հայկական անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի մոտ է։

« Ես պատրաստ եմ իմ Միացյալ Նահանգների անձնագիրը դատարանին տրամադրել: Բայց նաև նշեմ, որ հետևյալ հանգամանքը կա․ իսկ եթե ես ամերիկյան անձնագրով փորձեմ Հայաստանի սահմանը անցնել, դա ինձ չի հաջողվի, որովհետև անձնագրի մեջ չկա կնիքը, թե ես ինչպես եմ Հայաստան մտել», - ասաց Եղնուկյանը:

Նրա փաստաբանը հավելեց․ - «Հարգելի դատարան, խնդրում ենք, որ դատարանը կանգնի օրենքի հետևում, որպեսզի պարտադրի, որ որևէ մեկը, որևէ մի պաշտոնյա բարձ չլինի Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով ընձեռնված պարտավորություններից, որպեսզի թեկուզ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն էլ լինի, Գլխավոր դատախազին պարտավորեցնեք, որպեսզի նա կատարի օրենքով իր վրա դրված պարտավորությունը»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին հորդորեց մերժել Եղնուկյանի փաստաբանի բողոքը։ Նրա խոսքով, հասարակական քաղաքական գործիչները միանձնյա միջնորդություններ ներկայացնելու իրավունք չունեն, իսկ պաշտպանը նախկինում դատախազություն արդեն դիմել էր ու վերջին միջոնրդությունում նոր ասելիք չկար։

Ըստ Պետրոսյանի, հավանականությունը մեծ է, որ ազատության մեջ Եղնուկյանը ոչ-պատշաճ վարք կդրսևորի․ - «Առաջին ատյանի դատարանները կայացրել են պատճառաբանված դատական ակտեր, որտեղ իրավացիորեն արձանագրվել է խափանման միջոց կալանավորման կիրառման հիմքերի և պայմանների առկայությունը․ նախաքննության մարմինի կողմից գործի քննության պատշաճ ընթացքն ապահովելու վերաբերյալ դատարանի դիրքորոշումը, այնպես էլ մեղադրյալի կողմից գործի քննության ընթացքում հավանական ոչ-պատշաճ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականությունը»:

Հուլիսին Երևանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի մեղադրանքում նշված է, որ նա միջոցներ է ձեռնարկել զինված խմբին ռադիոկապով ապահովելու ուղղությամբ, 13 հազար դրամով լիցքավորել խմբի անդամներից մեկի հեռախոսը, խմբի անդամ Վարուժամ Ավետիսյանից տվյալներ է ստացել գունդ գնացող հատուկ տեխնիկայի մասին ու տարածել այդ տեղեկությունը, ապահովել է հավաքի մասնակիցների տեղափոխումը, ինչպես նաև ապատեղեկություն է տարածել այն մասին, թե իրավապահների տված սննդից գնդի անդամները թունավորվել են։

Միակ ապացույցը Եղնուկյանի հեռախոսային խոսակցություններն են։

Ընդդիմադիր գործչին մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում։

XS
SM
MD
LG