Մատչելիության հղումներ

Արարատի մարզպետը «պարտադրական ցուցակագրման» համար աշխատանքից ազատում է ԲԿ-ի փոխտնօրենին


Արտաշատի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերինե Հայրապետյանը:

Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց Արարատի մարզում արդեն իսկ ընտրական կրքեր են բորբոքվում:

Նորանշական մարզպետ Արամայիս Գրիգորյանը երեկ իր մոտ է հրավիրել Արտաշատի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերինե Հայրապետյանին ու հայտարարել, որ հակաքարոզչություն իրականացնելու համար նա ազատվում է աշխատանքից:

Այսօր արդեն «Ազատության» հետ զրույցում փոխտնօրենը հայտարարեց, որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը եւ շատ զարմացած է մարզպետի նման պահվածքից․ - «Ասեց, որ ձեր կոլեկտիվից կա դիմումներ, որ Դուք զբաղվում եք հակաքարոզչությամբ, որի համար Դուք ազատվում եք աշխատանքից: Ասեցի՝ իսկ ես կարո՞ղ եմ ծանոթանալ այդ դիմում-բողոքներին, ասեց՝ ոչ: Ասեցի՝ դե ուրեմն, խնդրում եմ, ինձ ապացուցեք, որ ես իսկապես դրանով զբաղվել եմ, հետո ես պատրաստ եմ ազատվելու»:

Մարզպետի ու հիվանդանոցի փոխտնօրենի զրույցն այսքանով ավարտվել է: Գրիգորյանը հրաժարվել է ներկայացնել անձնակազմի անունից եկած գրավոր բողոքը, փոխարենը հենց իրենք՝ աշխատակիցները, ավելի ուշ վստահեցրել են փոխտնօրենին, որ 150 հոգանոց անձնակազմից ոչ ոք իր դեմ բողոք չի գրել:

Մութ է մնացել նաեւ այն հարցը, թե որ կուսակցության դեմ է հակաքարոզչություն արել Հայրապետյանը: Կուսակցությունների անուններ չեն հնչել, աշխատել ինչ-որ մեկ օգտին՝ նման առաջարկ էլ չի եղել՝ պնդում է անկուսակցական ամբուլատոր գծով փոխտնօրենը:

Մինչդեռ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հակադարձում է՝ ասելով, որ ինքը հակաքարոզչություն բառը չի ասել, բողոքները եղել են մարդկանց ցուցակագրումների վերաբերյալ․ - «Եղել են դժգոհություններ, որ աշխատանքային ժամերին պարտադրական ցուցակագրում են անում «Բարգավաճ» կուսակցության օգտնի»:

Գրիգորյանն ասում է, թե Հայրապետյանին ընդամենը հորդորել է աշխատանքային ժամին, առավել ևս դեռ քարոզարշավը չսկսված, չչարաշահել պաշտոնական դիրքը․ - «Մարդը իր պահելաձևով ցույց տվեց, որ իրա համար դա նոր չէր, ինքը, բնական ա, տեղեկացված էր էդ հարցից: Իրան դուր չեկավ երևի իմ պահանջը իրեն, որ ինքը պտի զբաղվի իր գործով, այլ ոչ թե քարոզչությամբ»:

«Ազատության» հետ զրույցում մարզպետն ասաց, թե Հայրապետյանի մասին բողոքը ստացել է թե՛ բանավոր, թե՛ գրավոր: Հարցին, թե այդ դեպքում ինչու է հրաժարվում ցույց տալ իր խոսքերի ապացույցն ու բացահայտել բողոքը գրողին, հատկապես, երբ հիվանդանոցի անձնակազմը վստահեցնում է, որ չի բողոքել, Արամայիս Գրիգորյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, Դուք իրավապահ մարմնի ներկայացուցիչ չեք: Ես ասացի այն, ինչը որ իրականություն է, և կարծում եմ, Դուք պտի բավարարված լինեք այսքանով: Եթե այլ հարցեր ունեք, սիրով պատասխանեմ Ձեր մյուս հարցերին»:

Նա, այդուհանդերձ, հավելեց, որ Սերինե Հայրապետյանին այդ բողոքները ցույց տալու «անհրաժեշտություն չի գտել»:

Հակասական են նաև պատմությունները մարզպետի և կլինիկայի աշխատակիցների երեկվա հանդիպման մասին: Հիվանդանոցի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի խոսքով, իր հորդորով Արամայիս Գրիգորյանը հանդիպել է մի մասի հետ և հասկացել, որ նման բողոք աշխատողները չունեն․ - «Ինքը լսեց կոլեկտիվի անդամներին, իմ կարծիքով, համոզվեց, որ նման բան չկա»:

Մինչդեռ մարզպետն այլ բան է ասում․ - «Նրանք ասում են, որ՝ մենք չեն կարող պնդել՝ կլինի տենց բան, թե չի լինի: Մենք եկել ենք, խնդրում ենք, որ ինքը 30 տարվա մեր աշխատակիցն ա, մեր հետ աշխատում ա, ներողամիտ եղեք»:

Հասկանալու համար իրավիճակը ամբուլատորիայի աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե արդյոք Սերինե Հայրապետյանն իրականում հակաքարոզչություն կամ որևէ կուսակցության քարոզ է իրականացրել: Բոլոր հարցվածները բացասական պատասխաններ տվեցին:

Կլինիկայի տնօրենը «Ազատությանը» հայտնեց, որ չի պատրաստվում աշխատանքից ազատել իր տեղակալին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG