Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ «Լավրովի հետ քննարկել ենք այդ պլանը, բոլորը հրաշալի գիտեն, թե դա ինչ է»


Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ
Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսաստանյան РИА Новости գործակալության հետ հարցազրույցում, պատասխանելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրին առնչվող հարցին, ասել է, թե երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով վերջինս մեղադրանքներ են առաջադրվել, իսկ վերջնական որոշումը կընդունի դատարանը: Մամեդյարովը նաև նշել է, թե Լապշինի արտահանձնումը կատարվել է օրենքի շրջանակներում:

Նույն հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է՝ բանակցություններին մասնակցում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, «իսկ Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները հետաքրքրված կողմեր են»:

Համառոտ ներկայացնելով Մինսկի խմբի ստեղծման և գործունեության պատմությունը, Մամեդյարովն ամփոփել է՝ 20 տարի անց էլ հակամարտությունը մնացել է չկարգավորված: «Բոլորը հասկանում են, որ այսօր գոյություն ունեցող ստատուս քվոն ոչ մեկին չի բավարաում, բացի, թերևս, հայկական կողմից: Մենք, իհարկե, գոհ չենք, որ 20 տարվա ընթացքում օկուպացված տարածքները, ցավոք, ազատագրվում են միայն ռազմական ուժով»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, հավելելով, որ Ջեբրայիլի շրջանում ազատվել է Ջոջուղ Մերջանլի գյուղը, և այնտեղի բնակիչներն արդեն վերադառնում են (խոսքն ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորցրած դիրքերից մեկի՝ Լելե Թեփե բարձունքի տակ գտնող գյուղի մասին է):

Խոսելով բանակցային գործընթացում առաջընթացի հնարավորության մասին, Մամեդյարովն ասել է՝ «Մենք բազմիցս նշել ենք, որ անհրաժեշտ է սեղանը մաքրել խնդիրներից: Ամենամեծ խնդիրը՝ դա հայկական զինված ուժերի առկայությունն է Ադրբեջանի տարածքում: Առաջին հերթին զինվորները պետք է վերադառնան զորանոցներ, և դա ահռելի հնարավորություններ կբացի»:

Ադրբեջանի արտգործնախախարը նաև հայտարարել է, թե իրենք կողմ են Մոսկվայում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը: «Անցած ամիս ես Մոսկվայում էի, և մենք Լավրովի հետ քննարկում էինք այդ պլանը: Մինչ այդ, ինչպես գիտեք, նախագահներն են հանդիպել Սանկտ Պետերբուրգում: Բոլորը հրաշալի գիտեն, թե դա ինչ պլան է և մենք ինչպես պետք է շարժվենք: Ամեն ինչ գրված է: Քաղաքական կամք է պետք, որը պետք է ցուցաբերի հայկական կողմը,»- ասել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG