Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնությունը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով, հաջողություն չունեցավ:

«Դեռ իրավական առումով օրենքը թույլ է տալիս շարունակել, բայց, ես կարծում եմ, այս փուլում կարելի է գիծ քաշել, որ չստացվեց 27 ստորագրություն հավաքելը: Անկեղծ ասած, մեծ հույսեր չունեինք, որ կհավաքվեր, որովհետև հաշվարկ արել էինք, թե մոտավորապես ովքեր, որ ուժերը կմիանան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Ընտրությունների օրվա հարցը ՍԴ-ն հասցնելու համար ընդդիմադիր Կոնգրեսին անհրաժեշտ էր հավաքել 27 պատգամավորի ստորագրություն: Չնայած տարաձայնություններին, ձևաթուղթը ստորագրած ՀԱԿ խմբակցության բոլոր 7 անդամները, «Համախմբումից» Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը: Ստորագրահավաքին միացել են նաև Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Հայկ Խաչատրյանը: «Բարգավաճ Հայաստան»-ից երեք ստորագրող է եղել՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը: ՀՀԿ-ից,Դաշնակցությունից, «Օրինաց երկրից»՝ ոչ մի:

«Թեստ էր, սովորական թեստ՝ ինչպես օրենսդիրի ներկայացուցիչը օրենքի խախտմանը կվերաբերվի: Չմիացան նրանք, ովքեր ակնհայտ գիտեն, որ կա օրենքի խախտում, բայց վախենում են ասել, որ կա օրենքի խախտում», - նշեց Արամ Մանուկյանը:

«Սա ընդամենը կարելի է բնորոշել ոչ-ցանկալի և անիմաստ պոպուլիզմ», - իր կարծիքը հայտնեց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Մելիքյանը նաև կարծում է, որ ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ը, չի փոխվի:

Նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնեմ, ասել էր, որ դեմ չէ ընտրությունների օրը 4-5 օրով տեղափոխելուն՝ եթե բոլոր մասնակիցների հետ գան համաձայնության: Սարգսյանը, սակայն, իր տեսակետը պայմանավորել էր ոչ թե իրավական խնդիրներով, այլ ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով:

Ընդդիմադիրները մինչև ամսվա վերջը հետաձգելու կողմնակից են, ու եթե հավաքվեր անհրաժեշտ թվով ստորագրություն, Սահմանադրական դատարանում պահանջելու էին մայր օրենքին հակասող ճանաչել նաև ապրիլի 2-ին ընտրություն նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը:

«Շատ ցանկալի կլիներ, որ համաձայնությունը տրվեր ավելի շուտ: Որովհետև գործընթացները գրեթե ամբողջությամբ, որոշման համաձայն, արդեն ընթացքի մեջ են, և կանգնեցնել այդ գործընթացները արդեն այնքան էլ նպատակահարմար այս պահին չի լինի, որովհետև ընդամենը հաշված օրերն մնացել: Կարծում եմ, որ չի փոխվի արդեն: Նախ, նրա համար, որ օրենքին համապատասխանում է, Սահմանադրությանը չի հակասում, և նրա համար, որ Հանրապետության նախագահի կողմից հնչեցված հայտարարությանը արձագանքներ բոլոր քաղաքական ուժերից չեղան», - ասաց Գագիկ Մելիքյանը:

XS
SM
MD
LG