Մատչելիության հղումներ

Հայաստանը կոշտ է արձագանքում Լապշինի արտահանձնմանը


Ալեքսանդր Լապշինը Բաքվի օդանավակայանում: 7-ը փետրվարի, 2017 թ․

Հայաստանի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը դատապարտում են Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան՝ սուր քննադատության ենթարկելով Բելառուսը ավելի քան քսաներկու տարի անընդմեջ ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նրան համեմատելով բռնապետ Ստալինի հետ:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ), ով հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահն է, տեղի ունեցածը կոչեց «կեղտոտ գործարք երկու ոչ ժողովրդավարական ռեժիմների միջև»․ - «Որովհետև ժողովրդավարական կառավարությունները դժվար թե նման քայլի գնային, որովհետև սա դեմ է և հակասում է ժողովրդավարական արժեքներին, մարդու ազատության հիմնարար իրավունքին, ազատ տեղաշարժի իրավունքին: Սա նախ և առաջ քայլ էր Բելառուսի դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեմ: Երկրորդը, սա քայլ էր ընդդեմ խաղաղ կարգավորման և Հայաստանի Հանրապետության»:

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը ընդգծեց, որ տեղի ունեցածը բացասաբար կազդի հայ-բելառուսական հարաբերությունների վրա․ - «Գոնե այս փուլում մենք չենք պատրաստվում մեր բելառուս գործընկերների հետ նստել կլոր սեղանի շուրջ և որևէ բան քննարկել, որովհետև Բելառուսը ոչ միայն պետք է բացատրություն տա: Կարծում եմ, որ գոնե պառլամենտական մակարդակով պետք է զղջա այն քայլերի համար, որ նա արել է ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, ընդդեմ խաղաղ կարգավորման և ընդդեմ Հայաստանի Հանրապետության»:

Այսօր խոհրդարանի նիստը սկսվեց Լապշինի արտահանձնման շուրջ քննարկումով:

Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Սամվել Ֆարմանյանը:
Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Սամվել Ֆարմանյանը:

Իշխող Հանրաապետականի մեկ այլ ներկայացուցիչ՝ գործադիր մարմնի նորընտիր անդամ Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց, որ ընդամենը երկու ամիս առաջ Բաքվում Իլհամ Ալիևը Լուկաշենկոյին շնորհեց Ադրբեջանի բարձրագույն պարգևը․ - «Այն, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում խոստացավ ատռաբոտած, ինքնին ենթադրում էր, թե ինչ էր տեղի ունենալու Լապշինի հետ: Անգամ Ստալինի նման բռնապետին չի հաջողվել իր երկրի քաղաքացիներին, հպատակներին ստիպել մտածել այնպես, ինչպես ինքն է ցանկացել: Եվ դա վստահաբար չի հաջողվելու ո՛չ Բելառուսի նախագահին և ո՚չ Ադրբեջանի նախագահին: Բայց ավելի մտահոգիչ է մեկ այլ հանգամանք: Հայ հանրության աչքում ՀԱՊԿ-ը և ԵՏՄ-ն, իսկ Բելառուսը, որպես դաշնակից պետություն, սկսում են արժեզրկվել»:

Ընդդիմադիր պատգամավորները ավելի խիստ էին իրենց հայտարարություններում՝ առաջարկվելով հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին, դադարեցնել անդամակացությունը ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին:

Նշենք, որ Երևանն ու Մինսկը նույն ռազմաքաղաքական դաշինքում են շուրջ քսանհինգ տարի:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Սա իր քաղաքական նշանակությամբ համարժեք է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Արբեջանին արտահանձնելուն: Կարծում եմ, Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսում Հայաստանի դեսպանին», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ):
Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ):

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Բելառուսի քայլը բնութագրեց «ոչ բարեկամական» ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իսրայելի նկատմամբ․ - «Սա, իհարկե, վրդովեցուցիչ քայլ է Բելառուսի իշխանությունների կողմից»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առաջարկեց դուրս գալ ՀԱՊԿ-ից․ - «Մեխանիզմներ կան․ դիմեք, թող Բելառուսին հեռացնեն ՀԱՊԿ-ից: Դուրս եկեք ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից գնացեք, Սարգսյան Տիգրանին հետ կանչեք»:

Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ):
Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ):

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակընդեմ առաջարկով հանդես եկավ․ - «Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ-ի անդամակցությունը, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»:

Արդյո՞ք Հայաստանը մտադիր է հետ կանչել իր դեսպանին Մինսկից կամ ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովում բարձրացնել Բելառուսի այդ քայլի հարցը, այս պահին դեռ հայտնի չէ:

Առավոտյան հայտարարությամբ է հանդես եկավ արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ Լապշինի արտահանձնումը որակելով «խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը»։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Օրվա ավարտին Ազգային ժողովի ամբիոնից հարցին անդրադարձավ արտգործնախարար Էդվարդ Նաբանդյանը․ - «Միգուցե Ադրբեջանը նաև փորձում է, ներքաշելով այսպիսի գործարքների մեջ այլոց, այլ ուղղություններով վնաս հասցնել: Պարզ է, իրենց նյարդերը տեղի են տվել, և փորձում է այլոց հավասարակշռությունից հանել: Մենք պետք է չտրվենք դրան և Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք»:

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):

«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, Լապշինի դեպքը բնութագրելով որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում, որպես գործարք երկու բռնակալաների միջև, ասաց․ - «Այստեղ մենք պետք է գնահատենք հենց նրանից, որ մենք չենք կարողացել նաև ՀԱՊԿ-ում ունենալ գլխավոր քարտուղար: Այդ հարցի լուծումը փաստորեն Բելառուսի կողմից նույնպես խափանվեց: Եվ պետք է սա դիտարկենք որպես հետևանք: Հետևանք, որ Հայաստանի Հանրապետությունը մատնված է անգործության»:

Լապշինի արտահանձնմանն այսօր արձագանքեցին նաև Ստեփանակերտից: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ստախոս անվանեց Լուկաշենկոյին․ - «Խայտառակ գործարք է տեղի ունեցել՝ Բելառուսի նախագահի անձնական միջամտությամբ: Գիտեք, որ Ինտերպոլը նշում է, որ իրենք ընդհանրապես նման հայտ չեն ներկայացրել, որ Լապշինին ձերբակալեն: Այսինքն՝ Լուկաշենկոն պարզապես ստում է ամբողջ աշխարհով մեկ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG