Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, որի արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, Գալստյանին վիրավորելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին ահազանգն ստացվել է 2017 թվականի հունվարի 25-ին. զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի խրամաբջջում՝ դիտանցքը փակելու համար նախատեսված փայտյա կոճղի վրա ՝ նստած դիրքում, ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։
Դեպքի վայրի զննությամբ՝ զինծառայողի ոտքերի արանքում, խզակոթի մասով դեպի ներքև, իսկ փողաբերանով դեպի առաստաղն ուղղված վիճակում հայտնաբերվել է նրան ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, իսկ հատակին՝ մեկ պարկուճ:
Դեպքի առթիվ Քնչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
«Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Շավարշ Գալստյանին և իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ, հայհոյել և վիրավորել է նրա արժանապատվությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ժամկետային զինծառայողին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, ինչպես նաև մատնադրոշմային (հետքաբանական) և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ: