Մատչելիության հղումներ

Պուտինին մարդասպան անվանած Fox News-ի լրագրողը խոստանում է ներողություն խնդրել 6 տարուց


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կսպասի մինչև 2023 թվականը Fox News հեռուստաընկերության լրագրող Բիլ Օ’Ռայլիի ներողությունը լսելու համար:

«Մենք շատ բարի և շատ համբերատար ենք. օրացույցում կնշենք 2023 թվականը և այդ հարցով դեռ կվերադառնանք նրա մոտ», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հեռուստահաղորդավար Օ’Ռայլին հայտարարել է, որ պատրաստ է ներողություն հայցել Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած իր խոսքերի համար, սակայն 2023 թվականից ոչ շուտ: Թե ինչու է նա ընտրել հենց այդ թվականը՝ Օ’Ռայլին չի պարզաբանել։

«Ես աշխատում եմ ներողության վրա, սակայն դա կարող է որոշակի ժամանակ տանել», - փետրվարի 7-ին հեռուստաեթերում ասել է Օ’Ռեյլին:

Հեռուստահաղորդավարը պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Պուտինին մարդասպան անվանելով: Օ’Ռեյլիի խոսքերով՝ Պուտինի «դաժան պատմության մասին իմանալ» ցանկացողները կարող են ընթերցել iWar գիրքը, որի հեղինակը The Washington Times սյունակագիր Բիլլ Գերցն է: Գրքում, մասնավորապես, գրված է Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հանգամանքների մասին:

Փետրվարի 5-ին նախագահ Թրամփը հարցազրույց է տվել Fox News-ին, որի ընթացքում գնահատել է Պուտինի հետ հարաբերությունների հեռանկարը: Հաղորդավարի ռեպլիկին, թե՝ «բայց նա մարդասպան է», Թրամփը պատասխանել է, որ ԱՄՆ-ում էլ շատ մարդասպաններ կան և հիշեցրել է Իրաքի պատերազմի մասին:

Կրեմլի խոսնակ Պեսկովը վիրավորական էր գնահատել լրագրողի արտահայտությունը և հայտարարել, որ սպասում են ներողության:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG