«Նախնական ընտրությունների արդյունքները չեն կարող կասկածի տակ առնվել: Այսօր մեկնարկում է մեր քարոզարշավի նոր փուլը», - հայտարարել է Ֆրասնուա Ֆիյոնը:
Անցած տարեվերջին Ֆիյոնը վստահորեն հաղթեց ֆրանսիացի աջերի շրջանում կազմակերպված ներկուսակցական ընտրություններում` պայքարից դուրս մղելով մի շարք փորձառու թեկնածուների, այդ թվում՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին:
Ֆրանսիական մամուլի գնահատմամբ, Ֆիյոնի հաջողության հիմնական պատճառներից մեկը քաղաքական կարիերայի ընթացքում ցուցաբերած անթերի վարքն էր: Ֆիյոնը իր գրեթե 30-ամյա քաղաքական գործունեության ընթացքում երբեք ներքաշված չէր եղել որևէ կոռուպցիոն սկանդալում:
Ապրիլի վերջին կայանալիք նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, սակայն, Ֆիյոնը հայտնվեց աղմկալի սկանդալի կիզակետում: Փարիզյան թերթերից մեկը գրել էր, որ Ֆիյոնի կինը` ծագումով բրիտանուհի Պենելոպան, 1998-ից մինչև 2002 թվականները ձևակերպված է եղել որպես իր ամուսնու օգնական`այդ ընթացքում չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից աշխատավարձի տեսքով շուրջ կես միլիոն եվրո ստանալով: Երեկ Ֆրանսուա Ֆիյոնը հաստատեց, որ իր կինն աշխատել է Ազգային ժողովում, սակայն պնդեց, որ դա ձևական բնույթ չի կրել․ - «Այո, ես իմ կնոջն աշխատանքի եմ ընդունել, և նա աշխատել է որպես իմ օգնական: Հետագայում նա կատարել է իմ տեղեկալի օգնականի պարտականությունները, որոշ ժամանակ անց կրկին վերադարձել է իմ օգնականի պարտականությունների կատարմանը: Նա այս աշխատանքը կատարել է շուրջ 15 տարի` ամսական միջինը 3700 եվրո աշխատավարձ ստանալով»:
Ապա շարունակել է․ - «Հարազատների հետ քաղաքական ասպարեզում աշխատելը ֆրանսիացիների կողմից այլևս չի ընդունվում: Այն, ինչ ընկալելի էր երեկ, այսօր արդեն ընդունելի չէ :Դա իմ սխալն էր, որի համար ես խորապես ափսոսում եմ և ներողություն եմ խնդրում ֆրանսիացի ժողովրդից»:
Ֆրանսիայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումները, սակայն, վկայում են, որ այս սկանդալը բացասաբար է ազդել Ֆիյոնի վարկանիշի վրա: IFOP և BVA սոցիոլոգիական ծառայությունների վերջին հետազոտոթյունների համաձայն, Ֆիյոնը ընտրությունների առաջին փոլում կարող է հավակնել քվեների 18-20 տոկոսին` զիջելով ծայրահեղ ազգայնական Մարին Լե Պենին, ում օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 25 տոկոսը, և կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնին, ով հավակնում է ընտրողների ձայների 20-22 տոկոսին:
«Երկրորդ փուլում, սակայն, Մակրոնը հեշտությամբ կհաղթի ազգայնական թեկնածուին` ստանալով քվեների 63 տոկոսը», - պնդում են ֆրանսիացի սոցիոլոգները:
Այս պահին Ելիսեյան պալատ մուտք գործելու ամենահավանական թեկնածուն` Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի քաղաքական դաշտի նորեկներից է: Ամենաբարձր քաղաքական դիրքը, որում գտնվել է այս նախկին ներդրումային բանկիրը, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնն է, որը Մակրոնը զբաղեցրել է 2014-2016 թվականներին:
Մակրոնը Եվրամիության ինստիտուտների ամրապնդման կողմնակից է, ինքն իրեն բնութագրում է որպես ձախ լիբերալ: 39-ամյա Մակրոնի կինը` Բրիժիտ Տրոնյեն, 64 տարեկան է, նա նախագության թեկնածուի նախկին ուսուցչուհին է: