Իսրայելի խորհրդարանն օրինականացրեց Հորդանան գետի արևմտյան ափին՝ պաղեստինցիների հողերի վրա ապօրինի կերպով շուրջ 4 հազար տների կառուցումը: Օրինագիծը հավանության է արժանացել երկուշաբթի երեկոյան՝ ձայների 60 կողմ, 52 դեմ հարաբերակցությամբ:
Համաձայն փաստաթղթի՝ պաղեստինցիները, որոնք ի սկզբանե այդ հողերի վրա սեփականություն ունեն, փոխհատուցում կստանան՝ կամ գումարի տեսքով, կամ էլ՝ այլ հողակտորի:
Պաղեստինի իշխանություններն արգելում են պաղեստինցիներին հող վաճառել Իսրայելին, հակառակ դեպքում նրանց սպառնում է մահապատիժ:
Ավելի վաղ օրենքի նախագիծը քննադատության էր ենթարկվել ինչպես Իսրայելում, այնպես էլ աշխարհում:
Պաղեստինցիները արդեն հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով, որ այդ ամենը հանգեցնելու է տարածաշրջանում է՛լ ավելի մեծ ապակայունացման և քաոսի: