Մինչ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարություններ է անում Իրանի հասցեին, Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են ռուս-իրանական գագաթնաժողով անցկացնել Մոսկվայում։
Մարտին նախատեսված են նաև Ադրբեջան-Իրան բանակցություններ՝ նախագահների մակարդակով։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ալիևի այցն Իրան նախատեսված է մայիսի սկզբին, իսկ Ռոհանիի այցը Ռուսաստան՝ մարտի վերջին։
«Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանին, հայտնում է, որ այցերի շրջանակներում մի շարք հարցերի թվում քննարկվելու է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ նոր գագաթնաժողով անցկացնելու հարցը։
Իրանում Ռուսաստանի դեսպանի փոխանցմամբ, Ռոհանիի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում նախատեսված է ստորագրել մի շարք փաստաթղթեր այդ թվում՝ վիզաների չեղարկման մասին երկկողմ համաձայնագիր, որը թույլ կտա իրանցի զբոսաշրջիկներին առանց վիզայի այցելել Ռուսաստան և ռուսաստանցիների զբոսաշրջիկներին՝ Իրան։ Սա տուրիստական խմբերին է վերաբերում։
Դեսպանն ասել է, որ Մոսկվան և Թեհրանն այսօր աշխատում են այն փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը պետք է ստորագրվի մարտին նախատեսված ռուս-իրանական բանակցությունների ժամանակ։
Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ Ռոհանիի այցը նախապատրաստվում է, և Կրեմլը նախօրոք կհայտարարի, թե երբ է այն նախատեսված։
Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները եռակողմ ձևաչափով, հիշեցնենք, հանդիպել էին 2016 թվականի ապրիլին Ադրբեջանում։ Այդ գագաթնաժողովի առանցքային հարցը Հյուսիս-Հարավ երկաթգիծն էր։
Կողմերը պայմանավորվել էին իրանա-ադրբեջանական Ռեշտ-Աստարա հատվածի շուրջ։ Նախատեսվում է այն շահագործման հանձնել արդեն 2018 թվականին, ինչը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաև Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի հետ։