Մատչելիության հղումներ

Երևան-Արտաշատ ճանապարհին ավտոբուսը շուռ է եկել, 4 մարդ հոսպիտալացվել է


Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր, ժամը 9։16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ հաղորդագրության, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին FAW մակնիշի 3164L պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ 59-ամյա Ս. Ֆ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 37-ամյա Ա. Դ.-ը, 53-ամյա Ն. Պ.-ը, 47-ամյա Հ. Դ.-ը և 23-ամյա Ա. Հ.-ը հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Դ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Հ. Դ.-ը, Ն. Պ.-ը և Ա. Հ.-ը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG