ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի Ռուսաստանի հետ այդ երկրի լարված հարաբերությունները կարգավորելու և խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
«Մենք կաշխատենք Ուկրաինայի, Ռուսաստանի և հակամարտությունում ներգրավված բոլոր մյուս կողմերի հետ, որպեսզի օգնենք նրանց վերականգնել խաղաղությունը սահմանի երկայնքով», - փետրվարի 4-ին տարածված հաղորդագրությունում ասել է Թրամփը:
Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նաև ասված է, որ Թրամփն ու Պորոշենկոն քննարկել են մոտ ապագայում հանդիպելու հնարավորությունը:
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին «Ուկրաինայի անկախության և տարածքային ամբողջականության հարցում ցուցաբերած մեծ աջակցության համար»:
Երկու նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արևելյան Ուկրաինայում ռուսամետ անջատականների և ուկրաինական կառավարական զորքերի միջև լարվածության կտրուկ աճի ֆոնին, որի հետևանքով անցյալ շաբաթ առնվազն 35 մարդ է զոհվել: Ավելի վաղ Ուկրաինան մտահոգություն էր հայտնել, որ Թրամփը կարող է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում անջատականներին ցուցաբերվող ռազմական, քաղաքական և տնտեսական աջակցության համար: