Մատչելիության հղումներ

Հազար դոլար կաշառք վերցնելու կասկածանքով անցյալ տարի գետնանցումում ԱԱԾ-ի կողմից ձերբակալված նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց երրորդ անգամ:

Բարսեղյանի պաշտպանները պնդեցին՝ նախաքննական մարմինն իրենց չի տրամադրել գործով էական մի շարք նյութեր: Փաստաբան Արա Ղազարյանն ասաց՝ եթե նիստը սկսվի առանց այդ նյութերի, կխախտվի Բարսեղյանի սահմանադրական իրավունքը և ոչ միայն:

Մեղադրանքը ներկայացնող դատախազը նիստը հետաձգելու մասին ներկայացված միջնորդությունն անհեթեթ ու անհիմն համարեց՝ ընդգծելով՝ պաշտպանական կողմն իր սայթաքումները վերագրում է նախաքննական մարմնին: Պնդեց՝ պաշտպանության կողմն այդ նյութերը կարող էր ստանա դեռ նախաքննության ընթացքում: Ասաց՝ այդ հնարավորությունից երբեք զրկված չեն եղել:

Դատարանը բավարարեց նիստը 5 օրով հետաձգելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը, որպեսզի Բարսեղյանի փաստաբանները կարողանան ուսումնասիրել անհրաժեշտ նյութերը:

ԱԱԾ-ն տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է դատավորը գումար վերցնում մի քաղաքացուց: Նախկին դատավորի 6 փաստաբանները շարունակում են պնդել՝ այդ տեսանյութը հրապարակելով ԱԱԾ-ն խախտել է անմեղության կանխավարկածը: Այս պահին փաստաբանները անհրաժեշտ փաստաթղթերն են պատրաստում, քննարկվում է այս գործով ՄԻԵԴ դիմելու հարցը:

Կաշառք վերցնելու կասկածանքով ԱԱԾ-ի կողմից ձերբակալված դատավորին դատում է իր նախկին գործընկեր Կարեն Մարդանյանը: Նիստն, ի դեպ, ընթանում է այն դատարանում, որտեղ նախկինում աշխատել է հենց ինքը՝ Իշխան Բարսեղյանը: Նրա իրավունքները պաշտպանում է միանգամից 6 փաստաբան: Բարսեղյանին սպառում է 7-12 տարվա ազատազրկում: Մինչև այս պահը նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նույն գործով՝ կաշառքի միջնորդության կասկածանքով, մեղադրյալի աթոռին է նաև փաստաբան Էլզա Զաքարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG