Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընթացք է տվել ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի դիմումին, որով նրա պաշտպանները վիճարկում են կալանքի օրինականությունը, պնդելով, որ այն խախտում է նաև նրա մյուս իրավունքները, այդ թվում քաղաքական գործընթացներին մասնակցելու և պատգամավոր ընտրվելու:

Ստրասբուրգի դատարանին խնդրել են գործը քննել արագացված կարգով։

«Ընտրական այս գործընթացների հետ կապված, որ եթե ձգձգվի, դրանով կխախտվեն նրա քաղաքական իրավունքները նույնպես: Այսինքն, մենք անգամ չենք սպասել՝ Հայաստանում Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, բայց չենք ենք սպասել սպառելու ներպետական այդ հնարավորությունները», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: - «Այս պահի դրությամբ նրանք մեզ չեն մերժել և ասել, որ չեք սպառել ներպետական բոլոր միջոցները: Սա է այն լավատեսությունը, որի մասին խոսում ենք», - հավելեց նա։

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող և կես տարի ճաղերի ետևում գտնվող նախագահի նախկին թեկնածու Ղուկասյանը վստահ է՝ Վճռաբեկ դատարանը չէր վերացնի կալանքի որոշումը, ինչի պատճառով հույսը կապում է Եվրոպական դատարանի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կառույցների հետ։

Օրերս Ղուկասյանի գործին արդեն 2-րդ անգամ անդրադարձավ հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով ազատ արձակել նրան մինչև դատավարության մեկնարկը։

«Սրա մասին է այդ հայտարարությունը, ըստ էության, որ մարդուն եթե կալանքի տակ եք պահում, գոնե այդ նվազագույն իրավունքները ապահովեք՝ առաջին, և երկրորդ՝ բաց թողեք, մինչև դատաքննությունը կսկսվի», - մեկնաբանեց Մեժլումյանը:

Հեղինակավոր իրավապաշտպան կառույցը հղում է Եվրոպական դատարանի որոշումներից մեկին՝ պնդելով, որ նախաքննական կալանքը կարող է կիրառվել որպես ծայրահեղ միջոց, և պետք է արդարացված լինի, իսկ կալանքի համար դատարանը չի կարող հիմնվել ընդհանուր և աբստրակտ հիմնավորումների վրա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համաձայն է մեկ հարցում՝ կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց։

«Human Rights Watch-ի մանդատը թույլ տալիս է այդպիսի դիրքորոշում հայտնել: Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը ուղիղ արգելում է նման դեպքերում տալ գնահատական», - «Ազատության» հետ զրույցում նշեց օմբուդսմենը՝ շարունակելով․ - «Ես կարող եմ ասել, որ ընդհանրապես կալանքը ցանկացած անձի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները չեն բավարարում անձի պատշաճ վարքագիծը ապահովելու: Սա ընդհանուր կանոն է, որը վկայակոչել է Human Rights Watch-ը: Կոնկրետ դեպքի հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, որովհետև օրենքն է արգելում»:

Իրեն քաղբանտարկյալ համարող Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը պնդում է, թե նախաքննական մարմինը գործը դիտավորյալ ձգձգում է, էական աշխատանք չտանելով, որպեսզի իր պաշտպանյալը նախընտրական շրջանում մնա ճաղերի ետևում։ Մեժլումյանի խոսքով՝ 6 ամիսը չբավարարեց քննիչներին գործում եղած տեսանյութերն ուսումնասիրելու համար։

«Վստահ եմ՝ նայել են, տեսել են, բայց երբ հետազոտեն, երբ արդեն որպես ապացույց դա հետազոտվի, իրենք ի՞նչ պետք է անեն։ Օրինակ՝ պետք է կարճեն, որովհետև այն, ինչ իրենք ասում են, դա հակառակն է ապացուցում», - պնդեց փաստաբանը:

Եթե ի վերջո «Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստ Ղուկասյանի գործը մտնի դատարան, նրան կարող են ենթարկել մինչև 10 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG