Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ փորձարկելով միջմայրացամաքային հրթիռը՝ Իրանը կրակի հետ է խաղում: Այսօր Թրամփն իր Թվիթերի էջում գրել է, որ Իրանը պարզապես չի գնահատել Ամերիկայի վեհանձն մոտեցումը:
Խոսքը 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև ձեռք բերված միջուկային համաձայնագրի մասին է, որը, Թրամփի խոսքով, Իրանին ընձեռել է մոտ 150 միլիարդ դոլարի եկամուտ ստանալու հնարավորություն:
Հունվարի 29-ի հրթիռային փորձարկումից հետո Իրանը, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննի փոխանցմամբ, հայտնվել է Վաշինգտոնի հատուկ ուշադրության տակ:
ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ այսօր արդեն նոր պատժամիջոցներ է սահմանել: Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում են հայտնվել 12 ընկերություն և 13 ֆիզիկական անձ: Ընկերություններից մի քանիսը տեղակայված են Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբանանում և Չինաստանում:
Նախագահ Թրամփը դեռ նախընտրական ամիսներին բազմիցս կրկնել է, որ ի տարբերություն Բարաք Օբամայի վարչախմբի, մտադիր է հաղթանակի դեպքում շատ ավելի կոշտ քաղաքականություն վարել Իրանի հարցում: Հետայսու Սպիտակ տունը որդեգրում է Իրանի կողմից միջուկային գործարքի կանոնների խախտման հանդեպ «զրոյական հանդուրժողականություն»:
Reuters-ի փոխանցմամբ, ամերիկյան նոր պատժամիջոցների թիրախը կդառնան իրանական այն ընկերությունները, որոնք այս կամ այն եղանակով մասնակցում են հրթիռների ստեղծմանն ու արտադրությանը:
Բացի այդ, Վաշինգտոնը կարող է ընդունել որոշում Իրանի հեղափոխական գվարդիան ահաբեկչական կառույց ճանաչելու մասին: Վաշինգտոնում համոզված են, որ հենց այդ կազմավորումն է աջակցում տարածաշրջանի երկրներում գործող զինյալ ահաբեկչական խմբերին, մասնավորապես՝ Եմենում իշխանության դեմ կռվող շիա-մահմեդականներին:
Թրամփի վարչախմբի համոզմամբ, այդ փորձարկումը հակասում է ոչ միայն միջուկային գործարքին, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի ընդունած բանաձևին, որի համաձայն, Իրանը պետք է խուսափի միջմայրացամաքային հրթիռների փորձարկումներից: Դա է նշել նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆլիննը:
Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է, թե ամերիկացիների կողմից ներկայացրած մեղադրանքներն անհիմն են և սադրիչ: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր Թվիթերի էջում գրել է, որ Իրանի վրա ոչ մի ազդեցություն չեն գործել ամերիկացիների հնչեցրած սպառնալիքները: