Անցած գիշեր Դոնբասում փոխհրաձգության հետևանքով զոհվել է չորս ուկրաինացի զինծառայող, 17 հոգի վիրավորվել են:
Ուկրաինական կողմը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել այդ թվում և Ավդիիվկայում, որտեղ հունվարի վերջին իրավիճակը կտրուկ սրվել է:
Ուկրաինական բանակի շտաբի տվյալներով՝ ռուսամետ անջատականները Մարիուպոլի և Դոնեցկի շրջանների ուղղությամբ ծանր զինտեխնիկա են կիրառում:
Անջատականները պնդում են, որ հակամարտության սրման մեղավորը Կիևն է, և հաղորդում են անցած գիշերվա երկու զոհի ու 13 վիրավորների մասին:
ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հուգը ուրբաթ օրը պատրաստվում է այցելել Ավդիիվկա: Նախօրեին նա հայտարարել է, որ Ավդիիվկայում և Դոնեցկում շարունակվող փոխհրաձգությունը անընդունելի է, և կոչ է արել դադարեցնել այն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը դատապարտել է Ուկրաինայի հակամարտությունում Մինսկի համաձայնագրով արգելված զենքի կիրառումը:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ֆեյսբուքյան իր էջում կրկին մեղադրել է Ռուսաստանին մինսկյան համաձայնությունները «սիստեմատիկ կերպով» խախտելու և Դոնբասում իրավիճակը սրելու մեջ:
Պաշտոնական Մոսկվան հերքում է Ուկրաինայի արևելքի անջատականներին աջակցելու մեղադրանքները: