Մատչելիության հղումներ

Օհանյան. Բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի


Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմները, ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, ընդգծելով, բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի։

«Մեր իրականության մեջ հերոսության մասին խոսելիս ամենից առաջ ազգային բանակն ենք պատկերացնում՝ սպաներին, զինվորներին, որոնք այսօր անձնուրաց ծառայությամբ անառիկ են պահում մեր սահմանները՝ խաղաղ կյանք ապահովելով մեր ժողովրդին: Հերոսներ են այն տղաները, որոնք իրենց կյանքի գնով կանգնեցրել ու պարտության են մատնել թշնամուն: Սակայն այսօր ես կցանկանայի խոսել քաղաքացիական կյանքում ամեն օր հերոսացող մեր ուսուցիչների, բժիշկների, գիտաշխատողների մասին: Նրանք լուռ ու արժանապատվորեն ծառայում են իրենց կոչմանը, և այն փոխհատուցումը, որ ստանում են, այն կենսամակարդակը, որ նրանց առաջարկում է պետությունը, ուղղակի չնչին է նրանց մատուցած ծառայությունների, անտրտունջ ջանքերի ու նվիրումի դիմաց», - ասել է նախկին նախարարը:

Օհանյանը նշել է, որ տարիների ընթացքում Հայաստանում այդպես էլ չձևավորվեցին աշխատող մարդու իրավունքների պաշտպանության գործուն ինստիտուտներ. - «Ուսուցիչներն ու դասախոսները, բժիշկներն ու գիտաշխատողները, մտավորականներն ու արվեստագետները, շինարարն ու հողագործը թվում է, հաշտվել են իրականության հետ, և պետությունը, իմ տպավորությամբ, կարծես չի արժեվորում նրանց պարկեշտությունը, օգտվում է այն հանգամանքից, որ տարիների ընթացքում մեզ մոտ այդպես էլ չձևավորվեցին աշխատող մարդու իրավունքների պաշտպանության գործուն ինստիտուտներ, իսկական արհմիություններ: Հերոսներին չափից ավելի անհատականացնել նշանակում է կողոպտել նրանց հանրային հատկանիշները. հերոսները պետք է բնութագրվեն այն միջավայրում, որտեղ նրանք հերոսացել են: Եվ իրականության մեջ հերոս են այն կոլեկտիվները, որոնք հերոսներ են ծնում»:

Նախկին նախարարը գրել է, որ պետությունը պարտավոր է լուծումներ գտնել նրանց կատարած աշխատանքի դիմաց համարժեք կենսամակարդակ, արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ապահովելու համար:

Նպատակային և խնայողաբար օգտագործելով պետական բյուջեի թեկուզ սուղ միջոցները, ըստ Օհանյանի, հնարավոր է այս ուղղությամբ փոքր քայլերով, բայց հետևողական բարեփոխումներ իրականացնել: Միևնույն ժամանակ, նախկին նախարարի խոսքով, պետք է գտնել ֆինանսավորման այլ մեխանիզմներ, այլ ճանապարհներ:

«Չի կարելի այլևս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական իրավիճակը, որում ապրում է երկրի կրթագիտական, սոցիալական շերտը: Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմները: Բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի: Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն... Եկեք ճեղքե՛նք մեր ազատությանն ու արդարությանը խոչընդոտող բոլոր արգելքները: Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են. «Փող չկա, պետք է համակերպվել…», - հայտարարում է Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG