Մատչելիության հղումներ

Թրամփ. «Աշխարհը ծանր վիճակում է, բայց մենք այն կհաղթահարենք»


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Ազգային նախաճաշ-աղոթք» քրիստոնեական հավաքին, Վաշինգտոն, 2-ը փետրվարի, 2017թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Վաշինգտոնում «Ազգային նախաճաշ-աղոթք» հավաքում խոսել է մոլորակի և Ամերիկայի առջև ծառացած մարտահրավերների մասին:

«Ազգային նախաճաշ-աղոթքն» ավանդական քրիստոնեական հավաք է, որը կազմակերպվում է ամեն տարվա փետրվարի առաջին հինգշաբթի օրը Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցում և որին մասնակցում են նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ և օտարերկրացի հյուրեր:

«Աշխարհը բարդ վիճակում է, բայց մենք այն կհաղթահարեք, այո՞, դա այն է, ինչ ես անում եմ, ես խնդիրներ լուծող եմ, մենք դա կանենք, հավատացեք ինձ», - ասել է նախագահը:

Երեկ հավաքում նա խոսել է ամենատարբեր թեմաների՝ բիզնեսի, միգրանտների, ահաբեկչության մասին: «Մենք հանուն կրոնի կատարված աներևակայելի վայրագությունների ականատես ենք, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների դաժան սպանդի, աննկարագրելի սարսափի ականատես: Կրոնական ազատության հիմնական սպառնալիքն ահաբեկչությունն է», - ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ այդ սարսափը պետք է դադարեցնել, և այն կդադարեցվի: Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական շրջանում է հավաստիացրել, որ ընտրվելու դեպքում իր առաջնահերթ խնդիրը կլինի պայքարն ահաբեկչության դեմ:

Նա վստահեցրել է, որ ամեն բան կարվի Միացյալ Նահանգներ «Իսլամական պետության» ահաբեկիչների թափանցումը կանխելու համար, և այդ նպատակով իշխանությունը կդիմի ամենակոշտ միջոցների: Թրամփի խոսքով՝ արդի աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները պետք է միավորվեն այդ պայքարում:

Միաժամանակ, Ամերիկայի 45-րդ նախագահը հավաստիացրել է, որ կրոնի ազատությունն անձեռնմխելի է: «Այսօր ուզում եմ Ամերիկայի ժողովրդին պարզորոշ ասել, որ իմ վարչակազմը կանի ամեն ինչ՝ մեր երկրում կրոնի ազատությունը պահպանելու և պաշտպանելու համար: Ամերիկան առհավետ կմնա հանդուրժող հասարակարգ, որտեղ կա հարգանք բոլոր դավանանքների հանդեպ, որտեղ բոլոր քաղաքացիները կլինեն ազատ և պաշտպանված», - ասել է Դոնալդ Թրամփը:

Անդրադառնալով ներգաղթյալների իրավունքների այս օրերին հրատապ դարձած հարցին՝ նա ասել է, որ առաջիկայում կմշակվի հատուկ համակարգ, որը բնակության համար Ամերիկա տեղափոխված բոլոր մարդկանց կընձեռի կրոնական և անձնական ազատությունները վայելելու հնարավորություն: «Մենք ուզում ենք, որ մարդիկ գան մեր երկիր, բայց ուզում ենք, որ նրանք սիրեն մեզ և սիրեն մեր արժեքները, այլ ոչ թե ատեն մեզ», - ընդգծել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG