Մատչելիության հղումներ

ԼՂ փոխվարչապետը խոստանում է շտկել զինգրքույկներում եղած անճշտությունները


Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արխիվ:

Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին կարգավիճակ տվող հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը զինգրքույկների շուրջ ստեղծված խառնաշփոթը համարում է ստորադաս հրամանատարության անփութության հետևանք․ - «Հետագայում բոլոր այդ հարցերը քննարկման առարկա են կառավարությանը կից գործող հանձնաժողովում»:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը ևս ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների զինգրքույկներում մասնակցությունը հաստատող գրությունները ջնջելու կամ անվավեր դարձնելու փաստը պայմանավորորում է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:

«Ազատության» հետ զրույցներում մի քանի նախկին զինծառայողներ իրենց տարակուսանքն էին հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նրանցից մեկն ասաց․ - «Ես հիմա ուզում եմ իմանալ․ եթե ես չեմ մասնակցել, ինչո՞ւ է իմ զինգրքույկում գրվել, որ ես մասնակցել եմ, հետո դա անվավեր է ճանաչվել»:

Հայցելով զինվորների ներողամտությունը՝ Արթուր Աղաբեկյանը վստահեցրեց, որ բոլոր խնդիրները կշտկվեն․ - «Հավատում եմ, որ եթե անգամ ինչ-որ բողոք կամ անհամաձայնություն կա այս փուլում, ապա դրանք բոլորը շտկվող հարցեր են: Այս պահին այդ երիտասարդների համար այդքան հրատապ չէ կնիքի հարցը: Վստահ եմ, որ իրենց կյանքում եթե դա խիստ անհրաժեշտություն է, ապա նրանք կարող են այդ հանձնաժողովի խողովակով իրական ճշտումներ ունենալուց հետո ստանալ պատերազմի մասնակցի կարգավիճակի այդ փաստաթուղթը»:

Թե ինչ է սպասվում անփութություն թույլ տված պաշտոնյաներին, Ղարաբաղի փոխվարչապետն ասաց, որ հանձնաժողովի կողմից անուն առ անուն քննարկման առարկա են դառնալու․ - «Հավատում եմ, որ Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամանատարական կազմը անուն առ անուն քննարկման առարկա է դարձնելու այդ ամենը՝ եթե եղել է: Ինչո՞ւ եմ ես Ձեր հարցին այսքան հստակ և վստահ պատասխանում: Որովհետև ես էլ եմ զանգեր ստացել: Բայց ամենայն անկեղծությամբ ցանկություն չեմ ունեցել որևէ միջնորդություն անել, որովհետև ժամանակի մեջ բոլոր սխալներն ուղղվում են՝ եթե լինում են դրանք: Դա այն հարցը չի, որի շուրջ նեղ անձնական դրսևորումներ լինեն: Իրականում այն երիտասարդը, որը մարտական գործողություններին ակտիվ կամ պասսիվ մասնակցություն է ունեցել, անպայման այդ մասին գրվելու է, նշվելու է նրա անձնական էջերում»:

Խնդրի շուրջ այսօր արդեն զորացրված զինվորների և նրանց ծնողների հետ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Համաձայն հաղորդագրության՝ ՄԻՊ աշխատակազմը սկսել է պաշտոնական ընթացակարգ՝ պարզելու ստեղծված իրավիճակը։

XS
SM
MD
LG