Մատչելիության հղումներ

ՔԿ նախագահն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ընտրություններին վերաբերող հարցեր


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ ձևավորված համագործակցության մակարդակը: Դեսպանը գոհունակություն է հայտնել ԵՄ պատվիրակության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված դրամաշնորհային ծրագրերից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործով կատարված քննության արդյունքների կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել քննությանը։

ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է բազմակողմանի քննության իրականացումը՝ ԵՄ-ի կողմից իրականացված այլ դրամաշնորհների ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ և ընդգծել մեղսակից բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են նաև ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են հնարավոր իրավախախտումները կանխելու, իսկ արձանագրվելու դեպքում դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ պատշաճ քայլերի ձեռնարկումը։

ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց իրազեկվածության ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը և տեղեկացրել, որ հանձնարարել է նախորդ ընտրություններում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի արդյունքներով մշակել միջնորդություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկելու համար՝ նախկինում արձանագրված թերացումները բացառելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG