Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Փյունիկ» հիմնադրամի հովանավորությամբ այս տարեսկզբից մեկնարկել է մի ուշագրավ ծրագիր, որի նպատակն է մարզերի բնակիչներին ներկայացնել մայրաքաղաքային արվեստն ու մշակույթը:

«Մշակույթի հետ առնչվելը այսօր կարծես թե շքեղություն է դարձել մարզում ապրող մարդու համար: Մարդիկ բավականին հեռու են կանգնել մշակույթից: Մարդիկ չգիտեն, թե ինչ է կատարվում երևանյան մշակութային կյանքում: Իսկ Երևանում մշակութային կյանքը շատ բարձր մակարդակի վրա է: Պարզապես մենք պետք է մեր բաժինը նաև հասնենք մեր համերկրացիներին», - լրագրողների հետ հանդիպմանն ասյօր նշեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Այն ամենը, ինչ ծնունդ է առնում և ներկայացվում մայրաքաղաքի թատրոններում, համերգասրահներում ու ցուցասրահներում, 2017 թվականի ընթացքում կներկայացվի նաև մարզերում՝ քաղաքներում, ավաններում ու գյուղական բնակավայրերում:

Ծրագիրն արդեն իսկ մեկնարկել է հունվարի 25-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից:

Արմեն Ամիրյանը շեշտեց, որ «Փյունիկ» հիմնադրամն այս ծրագրի իրականացման համար 73 մլն դրամ է հատկացնում․ - «Այս գումարը մեզ բավարարելու է, որպեսզի մենք կարողանանք հոգալ տրանսպորտային ծախսերը, գիշերակացի ծախսերը, օրապահիկի ծախսերը, որպեսզի մեր թատերահամերգային կոլեկտիվները ավելի ազատորեն կարողանան մասնակցել այս ծրագրին: Մենք փորձելու ենք նաև տեղում աջակցել նկարիչներին, արվեստագետներին, որպեսզի տեղացի արվեստագետները ևս մասնակից դառնան մեր մշակութային այս շրջագայություններին»:

Հավելենք, որ արվեստի ու մշակույթի գրեթե բոլոր ոլորտներն են այս տարի ներկայացվելու մարզերում, որտեղ բնակիչներն անգամ օպերային բեմադրություններ, ինչպես նաև սիմֆոնիկ համերգներ կունկնդրեն: Մոտ 500 միջոցառում է նախատեսված տարվա ընթացքում այս ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում:

Ուշագրավ է նաև, որ ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն անվճար չեն լինելու, բայց տոմսի արժեքը կլինի մատչելի՝ 300 դրամ: Իսկ դպրոցներում, երաժշտական դպրոցներում և կրթական այլ հաստատություններում միջոցառումների մուտքն անվճար կլինի:

«Մենք հաշվի ենք առել բոլոր հնարավոր հարթակները՝ դպրոցների դահլիճներ, երաժշտական դպրոցների դահլիճներ, ակումբներ, մշակույթւ տներ, բացօթյա հարթակներ: Սա նաև մեզ համար հանրապետությունում առկա բոլոր հարթակները հաշվառելու հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք կազմել Հայաստանի Հանրապետությունում առկա մշակութային հարթակների քարտեզը: Սա շատ կարևոր է: Հաշվառելու ենք նաև, թե մենք ի՞նչ արվեստագետներ ունենք տեղում աշխատող և ապրող, ինչո՞վ են ապրում, ի՞նչ են ստեղծագործում: Սա մի տեսակ մշակութային հաշվառման արդյունք է ունենալու», - ասաց Մշակույթի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG