Մատչելիության հղումներ

Ատոմ Էգոյան․ Եթե պետք լինի, ընտրություններից հետո դուրս կգանք փողոց


Սփյուռքահայ գործիչները Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին նվիրված համաժողով են կազմակերպել Լոս Անջելեսում
Սփյուռքահայ գործիչները Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին նվիրված համաժողով են կազմակերպել Լոս Անջելեսում

Սփյուռքահայ հայտնի մտավորականների կողմից ձևավորված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես գալու մասին հայտարարել էր անցած տարեվերջին։

Սփյուռքահայ մշակութային գործիչները միայն առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերահսկելով չեն սահմանափակվի: Նրանք կշարունակեն իրենց ներգրավվածությունը նաև հետընտրական շրջանում։ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած համաժողովին ասել է, թե իրենց համար ապրիլյան ընտրությունների արդյունքները կանխատեսելի են։

«Պետք չէ կարծել, որ ընտրության արդյունքներն են որոշելու մեր մասնակցության աստիճանը: Ո՛չ, դա կարճատեսություն է, մենք պետք է կառավարենք ակնկալիքները։ Իրական ճգնաժամը հետևյալն է՝ մենք գիտենք, թե ինչ է լինելու ընտրություններում և մենք պետք է չհամակերպվենք արդյունքների հետ: Մենք պետք է դժգոհենք այն փաստից, որ քաղաքական պատճառներով բանտերում գտնվող մարդիկ կան, մենք պետք է դժգոհ լինենք, որ ճնշումների պատճառով չկա օրինական այլընտրանք»,- նշել է Էգոյանը:

Նրա խոսքով, հայաստանյան կյանքին նոր որակ հաղորդելու, ավելի խորը մասնակցություն ցուցաբերելու ժամանակն է, և դրա խորհրդանիշն էր անցած հուլիսին Խորենացի փողոցում տեղի ունեցած ցույցի ժամանակ իր կնոջը՝ Արսինե Խանջյանին բերման ենթարկելը:

«Մեր մասնակցությունը որևէ կերպ չպետք է մեկնաբանվի ներկա իշխանության կողմից, որպես ապրիլի 2-ին իր հաղթանակի օրինականացում: Մենք ներգրավվել ենք, որպեսզի ապագայում այլընտրանք ձևավորվի։ Փոքր առաջընթացն այն ամենն է, ինչ մենք ակնկալում ենք այս գարնանը։ Մենք գիտենք ընտրությունների արդյունքը, բայց հիմա պետք է մտածել՝ ինչ է լինելու ընտրություններից հետո և մենք, որպես սփյուռքահայեր, պետք է ներգրավված լինենք այս երկրում։ Եկեք մեր մասնակցությունն իրական դարձնենք և լսենք այն կոչը, որն ուղղված է մեզ: Եկեք գնանք այնտեղ, եկեք նստենք փողոցներում, եթե դրա կարիքը լինի: Եկեք ասենք, որ մենք սրա մի մասն ենք»,- նաև հայտարարել է Էգոյանը:

«Վերասահմանելով Հայաստանի նշանակությունը Սփյուռքում» խորագրով համաժողովին մասնակցել է նաև ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Նրա խոսքով, սփյուռքահայ արվեստագետները որևէ կուսակցության կողքին չեն կանգնելու, այլ պաշտպանելու են մարդկանց ընտրությունը։

«Մենք միավորվեցինք, երբ «Սասնա ծռեր»-ի դեպքերն սկսվեցին Հայաստանում։ Մենք՝ որպես արվեստագետներ, բոլորս մտահոգ էինք այդ իրադարձություններով։ Մենք մտահոգ էինք, որ երկրի ներքին անարդարությունների դեմ մարդկանց դժգոհությունն այդ աստիճանի է հասել։ Բոլորս սպասում ենք խորհրդարանական ընտրություններին: Միայն այդպես կարելի է այդ դժգոհությունը պարպել, ցավն ամոքել։ Բոլորն այդ առումով նույն մտահոգությունն ունեն, բոլորս միակամ ենք, որ չլինի արյունահեղություն, չլինի ծայրահեղ արձագանք մեր փոքր, խոցելի երկրում: Ուստի՝ մենք միավորվել ենք և սկսել ենք սրա մասին մտածել»,- ասել է Թանկյանը:

Աշխարհահռչակ System of a down խմբի մենակատարը նաև նշել է՝ իրենց երևանյան համերգն ապացույցն էր այն բանի, որ Հայաստանում կա էներգիայով լի և առաջնորդելու կարողություն ունեցող երիտասարդություն՝ «Իրական հարցն այն է, թե ինչպես անենք, որ նրանք չլքեն երկիրը: Այս տեսանկյունից եմ նայում խնդրին։ Ինչպես աջակցենք նրանց, որ հարմար զգան իրենց երկրում, հնարավորություն ունենան լինելու արժանապատիվ քաղաքացի։ Մեր՝ արվեստագետներիս մոտեցումները ոգեշնչելու վրա են հիմնված: Ոգեշնչելու, որ փոփոխություն հնարավոր է»:

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն էլ ընդգծել է՝ կարևոր է ոչ միայն որպես դիտորդ խորհրդարանական ընտրությունները վերահսկելը, այլ նաև այն, որ արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները գան ու քվեարկեն։ «Դեռ մի փոքր հույս կա, որ ինչ-որ բան կարող է փոխվել, բայց այդ փոփոխությունը կարող է լինել միայն մեր ներգրավմամբ։ Մենք սփյուռքում պետք է դադարենք մտածել, որ ստատուս քվոն պահպանելու միակ ուղին աջակցությունն է պետությանը, որի կառույցների մեծ մասը վերցված են օլիգարխիայի կողմից և չեն աշխատում մարդկանց կարիքների համար:

Եվ մենք այսօր չենք կարող ասել, որ անելիք չունենք։ Մի բան, որ դուք միանշանակ կարող եք անել՝ գնալն ու քվեարկելն է, և այդ քվեն կառավարությունը չի կարողանա օգտագործել ըստ նպատակահարմարության։ Կարծում եմ՝ սա ոչ թե հնարավորություն է, այլ պարտականություն»,- ասել է կանադայ դերասանուհին:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցած համաժողովի բանախոսներից երգիծաբան Վահե Բերբերյանն էլ նշել է՝ իրենց խնդիրը ոչ միայն Հայաստանի իշխանությունների վրա ազդելն է, այլև երկրի քաղաքացիներին փոփոխության ուղղություն ցույց տալը։ «Մարդիկ իրականում վաճառում են իրենց քվեները հինգ հազար դրամով։ Մեր ճնշումը ոչ միայն պաշտոնյաների նկատմամբ է, որ չգնեն այդ ձայները, այլ նաև մարդկանց նկատմամբ, որ չվաճառեն իրենց ձայները, իսկ դրա համար պետք է հավատալ համակարգին ու մասնակցել»,- ասել է Վահե Բերբերյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG