Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ»


Խաղաղության ավելի ամուր պաշտպան և խաղաղության ավելի համոզված կողմնակից, քան հայկական բանակն է, ներկա պայմաններում դժվար է գտնել, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում:

«Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի վրա պիտի բարձրանար փառավոր ու հաղթական մի բռունցք՝ Հայկական բանակը», - նշել է Սերժ Սարգսյանը: - «Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ: Սա է իրականությունը: «Քառորդ դար առաջ, Վազգեն Սարգսյանի հրամանով մեր բանակը դարձավ պետական հաստատություն: Այդ օրվանից ի վեր մենք արդեն ինքնապաշտպանական պատերազմ էինք վարում պետականորեն: Այդ օրից սկսած գրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր և փառավոր տարեգրությունը», - հիշեցրել է Հանրապետության նախագահը:

«Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ», - ասել է ՍԵրժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Այդ իրադարձությունները նաև ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական և անփոխարինելի կարևորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին: Մենք չենք պատրաստվում ևս մի տևական պատերազմ վարել մեր սեփական տան պատշգամբում և խոհանոցում: Մենք դա արդեն արել ենք»:

«Մեր նահատակների թափած արյունը գին է, որ մենք վճարել ենք հանուն մեր ազատության և ապագայի: Այսօր երախտապարտ սերունդները գլուխ են խոնարհում մեր անմահների հիշատակի առջև և պատվով շարունակում են իրենց հայրերի ու պապերի հայրենանվեր գործը: Այսօրվա զինվորականներն ու զորակոչիկները, արդեն նոր կառույցների և սպառազինության պայմաններում, շարունակում են կատարելագործվել և զարգանալ, շարունակում են լինել Հայաստանի և Արցախի հուսալի վահանը: Խաղաղության ավելի ամուր պաշտպան և խաղաղության ավելի համոզված կողմնակից, քան հայկական բանակն է, ներկա պայմաններում դժվար է գտնել», - նաև ասել է Սերժ Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը մեծ տոն է՝ շատ մեծ տոն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ ոգու արիություն, անկոտրում կամք և խաղաղություն», - իր ուղերձը եզրափակել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG