Մատչելիության հղումներ

Վաղը տեղի կունենա Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը


Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ:

Վաղը՝ հունվարի 28-ին, տեղի կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը՝ առաջինը Վաշինգթոնում հունվարի 20-ին տեղի ունեցած պաշտոնամուտի արարողությունից հետո:

Ռուսաստանի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ նախևառաջ Պուտինը ցանկանում է շնորհավորել Թրամփին պաշտոնամուտի կապակցությամբ, բացի այդ, երկու նախագահները, իհարկե, մտքեր կփոխանակեն ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ:

«Սա առաջին հեռախոսազրույցը կլինի, ուստի, դժվար է դրանից ակնկալել բոլոր հարցերի հիմնավոր քննարկում»,- ասել է Պեսկովը:

Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ընթացքում բազմիցս կրկնել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասելով, որ երկու գերտերությունները կարող են արդյունավետ համագործակցել, մասնավորապես, արմատական մահմեդական ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, որը Վաշինգտոնի համար կլինի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:

Դրա համար, ըստ Թրամփի, հարկ եղած դեպքում անհրաժեշտ է ստեղծել դաշինքներ և համատեղ ուժերով անցկացնել ագրեսիվ ռազմական գործողություններ:

Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովն այդ կապակցությամբ օրերս ասել է, որ այս հարցում երկու երկրների շահերը միանգամայն համընկնում են, և Մոսկվան պատրաստ է քննարկել ամերիկյան նոր վարչակարգի առաջարկները:

«Դոնալդ Թրամփի ներկայացրած հայեցակարգում տեսնում ենք արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերի և նպատակների ընկալման ոչ քիչ համընկնող պահեր, որոնք շատ սերտ աղերսներ ունեն Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսլականի հետ»,- ասել է Լավրովը:

Այսօր նաև հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ նախագահ Թրամփն, իբր, արդեն կազմել և ստորագրելու է հրամանագիր Ռուսաստանի նկատմամբ նախկին վարչակարգի սահմանած պատժամիջոցները չեղարկելու մասին:

Այնուամենայնիվ, Մոսկվայում արձագանքել են, թե դրա վերաբերյալ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա:

«Որքան հասկանում եմ, դա անանուն աղբյուրից ստացված տեղեկություն է, տեղյակ չեմ, թե արդյոք այն համապատասխանում է իրականությանը»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG