Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը խորացնում է Կարմիր խաչի հետ համագործակցությունը


Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին։

Ըստ ԱԻՆ հաղորդագրության, հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակներում հումանիտար օգնության համատեղ պլանի մշակման հարցերի, ինչպես նաև՝ Տավուշի մարզի գյուղերի բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ծրագրի քննարկումը:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է նույն կերպով շարունակել սերտ համագործակցությունը Կարմիր Խաչի միջազգային և հայաստանյան ներկայացուցչության հետ, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում ընդլայնել համատեղ իրականացվող աշխատանքի ծավալները» - նշել է Մխիթարյանը:

Դույեզին Մխիթարյանին ներկայացրել է տեխնածին և բնական աղետների, ինչպես նաև՝ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու պլանի մշակման ծրագրերը՝ խնդրելով, որպեսզի դրանց վրա աշխատանքներ իրականացվեն ԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանքային խմբում:

Քննարկվել են նաև սահմանամերձ գյուղերում «ապահով սենյակների», թաքստոցների և ապաստարանների կառուցման ու վերանորոգման հարցը:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ԱԻՆ-ի կողմից քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ կառուցվել են հենակետեր, որտեղ հերթապահում են նախարարության քաղպաշտպանության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ կառուցվել են ապաստարաններ և թաքստոցներ:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել տեխնածին և բնական աղետների, ինչպես նաև՝ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու պլանի մշակման և սահմանամերձ գյուղերում «անվտանգ սենյակների» կառուցման շուրջ:

Մխիթարյանի հանձնարարությամբ՝ Կարմիր խաչի հետ համատեղ աշխատանքային խմբի անդամներ նշանակվեցին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը և ԱԻՆ ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել նոր հուշագրի մշակման և ստորագրման վերաբերյալ, որում արդեն ներառված կլինեն նաև վերոնշյալ հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG