Մատչելիության հղումներ

Մեդվեդևի հետ բանակցելուց հետո վարչապետը հանձնարարեց Լարսին այլընտրանք գտնել


Վերին Լարսի անցակետ
Վերին Լարսի անցակետ

Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի հետ բանակցություններից երկու օր անց վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տրանսպորտի նախարարին Վերին Լարսին այլընտրանքային ուղիների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Ընդ որում, այսօր գործադիրի նիստում Կարապետյանը պահանջեց դա անել մինչև մարտի 1-ը:

«Հաշվի առնելով մեր բանակցությունները Ռուսաստանի դաշնության մեր գործընկերների հետ, և Ստեփանծմինդա - Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները, ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1 կառավարության աշխատակազմ ներկայացնել այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ», - իր խոսքում ասաց վարչապետը:

Հայաստանցի գործարարների համար խնդրահարույց Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը նոր չէ հայտնվել Հայաստանի կառավարության օրակարագում: Անցած տարվա հունիսին լրագրողների հետ հանդիպմանը տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց՝ Երևանը բանակցում է Թբիլիսիի ու Մոսկվայի հետ Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան տանող ավտոճանապարհը գործարկելու հարցի շուրջ, որն այլընտրանք կհանդիսանա Լարսի ճանապարհին: Չնայած այն ժամանակ նախարարն նշեց՝ հավանականությունը, որ հարավօսական ճանապարհը կբացվի, «հիսուն-հիսուն է», սակայն առ այսօր որևէ տեղաշարժ չկա:

Այսօր գործադիրի նիստից հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ այլընտրանքային ուղու մասին է խոսքը: - «Հանձնարարականը նոր է տրված, կքննարկենք, կներկայացնենք կառավարությանը և Ձեզ կհայտնենք: Քննարկումները երկար ժամանակ է՝ գնում են, բայց դեռ կոնկրետ արդյունք չունենք, որ ասենք՝ սա այլընտրանքային ճանապարհն է և Ձեզ հայտնենք: Քննարկվում են տարբեր ուղղություններ՝ և՛ երկաթգծի կառուցում, և՛ նոր ճանապարհի կառուցում: Տարբեր բաներ քննարկվում են», - ի պատասխան՝ ասաց նախարարը:

Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրենն է, ընդգծեց՝ այլընտրանքային ճանապարհի անհրաժեշտությունը շարունակ մեծանալու է: - «Իմ կարծիքով այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսեթիայի տարբերակը, այլընտրանքային տարբերակ է Վրաստանի կառավարության կողմից արդեն հաստատված ծրագիրը թունելներ և նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ: Այդ համատեքստում պետք է նայել: Շատ կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը և Հայաստանը մշտապես քննարկում են, քանի որ գնալով ապրանքաշրջանառությունը աճում է, թողունակության խնդիրը կրկին օրհասական է դառնում ոչ միայն եղանակային պատճառներով, այլև տեխնիկական», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG