1989 թվականից Ղազախստանը ղեկավարող Նազարբաևն այս մասին հայտարարեց երեկ երեկոյան` երկրի բոլոր հեռուստաալիքներով հեռարձակված ուղերձում:
Ի դեպ, այն մասին, որ նախագահ Նազարբաևը պատրաստվում է հանդես գալ հատուկ հայտարարությամբ, հայտնի դարձավ վերջին պահին: Ղազախական լրատվամիջոցների ներկայացուցիչները մինչև ուղերձի հեռարձակման պահը տեղյակ չէին անգամ, թե ինչ թեմայի է նվիրված լինելու Նազարբաևի ուղերձը:
«Հարգելի ղազախստանցիներ: Զեզ եմ դիմում մեր երկրի համար սկզբունքային նշանակություն ունեցող մի հարցի` պետական իշխանության տարբեր թևերի միջև լիազորությունների վերաբաշխման առթիվ», - հայտարարել է Նազարբաևը` նշելով, որ իր հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը սահմանադրական փոփոխությունների փաթեթ է նախապատրաստել, որի համաձայն երկրի ղեկավարին վերապահված լիազորություններից մոտ 40-ն անցնում են կառավարությանն ու խորհրդարանին:
«Առաջարկվող բարեփոխումների էությունը իշխանական լիազորությունների լրջագույն վերաբաշխումն ու քաղաքական համակարգի ժողովրդավարացումն է: Նոր պայմաններում նախագահի համար առաջնահերթ են դառնում ռազմավարական գործառույթները և իշխանության տարբեր թևերի միջև գերագույն արբիտրի դերակատարության ստանձնումը: Երկրի ղեկավարը կենտրոնանալու է արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և պաշտպանունակության խնդիրների լուծման վրա», - հայտարարել է Ղազախստանի նախագահը` նշելով, որ սահմանադրական բարեփոխումների հաստատման դեպքում խորհրդարանը կարող է քաղաքական դաշտում առանցքային դերակատարություն ստանալ:
«Խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցությունը որոշիչ ազդեցություն կունենա կառավարության կազմավորման վրա: Դրանից ելնելով օրինաչափ կլինի, եթե նախարարների կաբինետը իր լիազորությունները վայր դներ նորընտիր խորհրդարանի, այլ ոչ թե նախագահի առջև», - ասել է Նազարբաևը:
Ղազախ խորհրդարանականները ավանդույթը չխախտեցին` Նազարբաևի հերթական նախաձեռնությանը արձագանքելով մեծ ոգևորությամբ:
«Պատրա՞ստ է արդյոք խորհրդարանն իր դերակատարության ընդլայնմանը» հարցին ղազախ պատգամավորները միանշանակորեն դրական են պատասխանել:
«Խորհրդարանը միշտ պատրաստ է [նախագահի] հանձնարարությունների կատարմանը», -անկեղծորեն հայտարարոլ է պատգամավոր Սերգեյ Սիմոնովը:
Ղազախստանում հնչող կարծիքների համաձայն, սակայն, հետխորհրդային տարածքի ամենատարեց պետական գործչի` 76-ամյա Նազարբաևի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները իրականում այսպես կոչված «Ժառանգորդ» օպերացիայի հերթական փուլն են: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր գործիչ Ամիրժան Կոսանովը:
Իսկ անկախ փորձագետների կարծիքով, խորհրդարանի լիազորությունների ընդլայումը կարող է հանգեցնել Նազարբաևի ավագ դստեր` Դարիգայի դերակատարության մեծացմանը քաղաքական դաշտում:
54 ամյա Դարիգա Նազարբաևան 2015-16 թվականներին զբաղեցնում էր երկրի փոխվարչապետի պաշտոնը: 2016-ի սեպտեմբերին, սակայն, Նազարբաևի հատուկ հրամանագրով նա նշանակվեց խորհրդարանի վերին պալատի` Սենատի անդամ, որտեղ ստանձնեց արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պարտականությունները:
Հարցին, թե արդյոք նա պատրաստվում է մի օր փոխարինել իր հորը նախագահի պաշտոնում, Դարիգա Նազարբաևան պատասխանել է․ - «Անկախության 25 տարիների ընթացքում անընդհատ խոսում են, որ ես նախագահի ժառանգորդն եմ: Իրականում այդ ամենը շահարկումներ են, ոչ ավելին»: