Մեքսիկայի նախագահն ամենայն հավանականությամբ կհետաձգի հաջորդ շաբաթ նախատեսված իր այցը Վաշինգտոն՝ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց երկու երկրների միջև պատ կառուցելու հրամանագիրը: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:
«Ես իմ վերջնական որոշումը կկայացնեմ, երբ Վաշինգտոնում գտնվող մեքսիկացի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացնեն իրենց զեկույցը», - հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն՝ ընդգծելով, որ իր երկիրը չի վճարելու ոչ մի պատի կառուցման համար:
Պենյա Նիետոն վերահաստատել է, որ Ամերիկայի ժողովրդի բարեկամն է և ցանկություն ունի համաձայնության գալ ամերիկյան կառավարության հետ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հավատարիմ մնալով նախընտրական խոստմանը, հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին: Սպիտակ տան ղեկավարը, ինչպես և նախկինում, հիմա էլ պնդում է, որ շինարարության համար ի վերջո վճարելու է Մեքսիկան: