Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջիկա օրերին կհրապարակի Brexit-ի մարտավարությունը


Թերեզա Մեյը Համայնքների պալատում պատասխանում է պատգամավորների հարցերին: 25-ը հունվարի, 2017 թ․
Թերեզա Մեյը Համայնքների պալատում պատասխանում է պատգամավորների հարցերին: 25-ը հունվարի, 2017 թ․

Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջիկա օրերին խորհրդարան կներկայացնի օրենքների այն փաթեթը, որը հնարավորություն կտա ազդարարել Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացի մեկնարկը:

Բրիտանական կառավարության ներկայացուցիչները այս մասին հայտարարեցին երեկ երեկոյան, Գերագույն դատարանի երկար սպասված որոշման հրապարակումից հետո: Դրա համաձայն, Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցը պետք է քննարկման դրվի և քվեարկվի երկրի խորհրդարանում:

«Միացյալ Թագավորության քաղաքացիների կողմից հանրաքվեի ընթացքում Եվրամիությունը լքելու մասին կայացված որոշումը կյանքի կոչելու հարցում մեր կառավարությունը վճռական է տրամադրված: Մոտ ապագայում խորհրդարանին կներկայացվի օրենսդրական այն նախաձեռնությունների փաթեթը, որը հնարավորություն կտա կառավարությանը իրականացնել Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածով նախատեսված քայլերը», - դիմելով բրիտանացի խորհրդարանականներին՝ երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի Brexit-ի գծով նախարար Դեյվիդ Դևիսը:

Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանի որոշումը հրապարակվեց երեքշաբթի օրը: Միացյալ Թագավորության բարձրագույն դատական ատյանը ուժի մեջ թողեց Լոնդոնի դատարանի` նոյեմբերին հրապարակած վճիռը, որով Թերեզա Մեյի կառավարությանն արգելվում էր առանց խորհրդարանի հավանության Եվրամիությունից դուրս գալուն ուղղված որևէ գործողություն ձեռնարկել:

Ավելին, առաջիկա օրերին բրիտանացի նախարարները կհրապարակեն «Սպիտակ թղթապանակը»` այն փաստաթուղթը, որով առաջնորդվելու է պաշտոնական Լոնդոնը Եվրամիության հետ ապագա բանակցությունններում:

Մինչև օրս, ի դեպ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվում էր բացահայտել կառավարության մշակած այս փաստաթղթի մանրամասները` պնդելով, որ դրա գաղտնիությունը Եվրամիության հետ բանակցություններում հաջողության հիմնական գրավականներից մեկն է լինելու: Ընդդիմադիր լեյբորիստները, սակայն, վստահ են, որ առանց խորհրդարանի մասնակցության Brexit-ի շուրջ որևէ զարգացում բացառվում է:

«Մենք այդ մասին նշում ենք հանրաքվեի օրվանից սկսած: Խորհրդարանը պետք է ներգրավված լինի այդ գործընթացում, այդ ողջ ընթացքում կառավարությունը պետք է գտնվի խորհրդարանական վերահսկողության ներքո: Ի վերջո, հենց դրանում է խորհրդարանների գոյության իմաստը», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է բրիտանացի լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը:

Ի դեպ, Գերագույն դատարանի երեկ կայացրած որոշման համաձայն, Թերեզա Մեյի կառավարությունը Brexit-ի ընթացքում պարտավոր չի լինի խորհրդակցել Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի խորհրդարարանների անդամների հետ: Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը, սակայն, համոզված է, որ Համայնքների պալատում ներկայացված ավելի քան հինգ տասնյակ շոտլանդացի պատգամավորները հստակորեն կներկայացնեն Էդինբուրգի տեսակետները:

«Շոտլանդիան դեմ է քվերակել Brexit-ին, ուստի անևերակայելի է, որ Շոտլանդական ազգային կուսակցության պատգամավորները հանկարծ կողմ արտահայտվեն լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածի կյանքի կոչելուն», - նշում էր Սթերջենը:

Շոտլանդացի մեկ այլ ազդեցիկ գործիչ` երկրամասի նախկին վարչապետ Ալեքս Սալմոնդը, երեկ հստակորեն զգուշացրեց Թերեզա Մեյի կառավարության անդամներին, որ եթե Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքում Շոտլանդիայի շահերն անտեսվեն, ապա առաջիկա երկու տարիներին Էդինբուրգը կարող է անկախության նոր հանրաքվե անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG