Մատչելիության հղումներ

ԼՂ-ից Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է


Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի Կամավոր Խաչատրյանը:
Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի Կամավոր Խաչատրյանը:

19-ամյա ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանը գլխուղեղի հրազենային վնասցվածք էր ստացել հունվարի 16-ին՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով:

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի Կամավոր Խաչատրյանի խոսքով՝ այժմ մասնագետները պայքարում են նրա կյանքի համար․ - «Տվյալ պահին նա միացված է արհեստական [շնչառության] ապարատին: Հնարավոր ամեն ինչը պիտի անենք, որպեսզի կարողանանք փրկել զինծառայողի կյանքը»:

Հոսպիտալ տեղափոխված մյուս զինծառայողը 3 օր առաջ սահմանին հակառակորդի գնդակից վիրավորված պայմանագրային Ալեքսեյ Ավանեսյանն է: Գնդապետ Խաչատրյանի փոխանցմամբ, նա ունի ոտքի ծնկային հատվածի ծանր վիրավորում, որի պատճառով կատարվել է անդամահատում․ - «Գիշերը վիրահատել ենք, և կյանքի ցուցումով ստիպված ենք եղել ամպուտացնել մեկ ստորին վերջույթը, և հիմա վիճակը կայուն է»:

Կամավոր Խաչատրյանը խոսեց նաև ապրիլյան պատերազմի հետևանքով վիրավորված այն զինծառայողների մասին, որոնք մինչև այսօր դեռ բուժում են ստանում: Ըստ գնդապետի՝ 3-ը շարունակում են վերականգնողական բուժումը, նախատեսվում է նրանցից մեկին հետագայում տեղափոխել Մոսկվա:

Ռազմաբժշկական վարչության պետը համաձայն չէ այն դիտարկումներին, թե պետությունը շահագրգռված չէ զինվորների բուժումը արտերկրում կազմակերպելու համար: Ավելին, ըստ նրա, այս պահին Գերմանիայում բուժում ստացող Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգյանի առողջական վիճակում շատ չէ դրական տեղաշարժը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Խաչատրյանը, անդրադառնալով բուժման նպատակով արտերկիր տեղափոխված զինծառայողներին, ասաց․ - «Մենք անընդհատ հետաքրքրվում ենք մեր զինծառայողներով, նախկին զինծառայողներով, ովքեր գտնվում են արտասահմանում: Եթե մենք ասենք, որ որևիցե լուրջ հաջողություններ ենք ունեցել Գերմանիայում բուժման արդյունքում, միանշանակ կվստահեցնեմ, որ չկա տենց բան»:

Զինված ուժերի պաշտոնյանի այս խոսքերին հակադարձում են հենց Գերմանիայում բուժվող երկու զիծառայողները:

Քառօրյա պատերազմի ժամանակ ողնաշարի, շնչափողի ու կերակրափողի հրազենային վիրավորում ստացած Արման Լազգյանը, որը Հայաստանում խոսել ու շարժվել չէր կարողանում, «Ազատությանը» հետ զրույցում պատմեց, թե ինչ արդյուքների է հասել գերմանացի բժիշկների շնորհիվ․ - «Մոտ ինը ամիս է Գերմանիայում եմ: Հիմա արդեն դուրս եմ գրվել հիվանդանոցից, շարունակում եմ բուժումս տնային պայմաններում: Ներկա պահին ինքնազգացողությունս շատ լավ է, ավելի շարժունակ եմ դարձել: Մոտ ապագայում, վստահ եմ, կքայլեմ, կգամ Հայաստան»:

Նա շեշտեց, որ հայաստանցի բժիշկների արածը չի մոռանա, նրանք փրկել են իր կյանքը: Բայց ռազմաբժշկական վարչության պետի այն միտքին, թե Գերմանիայում շոշափելի արդյունքի չեն հասել, համաձայն չէ․ - «Եթե տեսնի իմ ու Ձեր հարցազրույցը և տեսնի հիվանդանոցում պառկած վիրավորների վիճակը, համեմատի իմ հետ, ինքը իր ասած բառերից կարող է մի քիչ էլ ամաչի»:

Զինված ուժերի գնդապետ Կամավոր Խաչատրյանը նույն միտք արտահայտեց նաև պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի մասին․ - «Ռուբեն Առաքելյանը նույնպես կարող եմ ասել, որ իր բուժման մեջ էական տեղաշարժ չկա»:

«Որդիս արդեն լավ է, ձախ ձեռքը կարողանում է շարժել, անգամ հեռախոսով շփվում է ընկերների հետ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Ռուբեն Առաքելյանի մայրը, ով որդու հետ միասին Գերմանիայում է:

Մեր զրույցի պահին երիտասարդը հերթական ֆիզիոթերապիայի կուրսն էր անցնում: Բուժումները ավարտել են, և բժիշկները հույս են տալիս, որ լիարժեք ապաքինումը միայն ժամանակի հարց է:

Անահիտ Մկրտչյանը համոզված է, որ եթե որդին շարունակեր բուժումը Հայաստանում, արդյունքն այսքան գոհացնող չէր լինի․ - «Հայաստանում, ինձ թվում է, չկա այդ հնարավությունը, որպեսզի մեր տղաները կարողանան բուժվել»:

Բուժման բոլոր ծախսերը իր վրա է վերցրել հիվանդանոցը: Աջակցում են նաև տեղաբնակ հայերը: Տիկին Անահիտի անկեղծանում է՝ Ռուբենը երազում է օր առաջ հայրենքի վերադառնալ:

Նշենք, որ այս զինծառայողների բուժումն արտերկրում հնարավոր եղավ կազմակերպել միայն տարբեր հանգանակությունների շնորհիվ, նրանց համար պետական հատկացումներ չարվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG