Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահն այսօր հրամանագրեր կստորագրի՝ Ամերկայի սահմանային հսկողությունը ամրապնդելու, ներգաղթյալների հոսքը կրճատելու, Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու ուղղությամբ:
Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ժամանակավորապես արգելափակել փախստականների մուտքն ու ամերիկյան վիզաների տրամադրումը 7 երկրների՝ Սիրիայի, Եմենի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիներին: Թրամփի խորհրդականներն ու Կոնգրեսի՝ այս հարցով զբաղվող ներկայացուցիչներն ասել են՝ բացառություններ են նախատեսված միայն հետապնդման ենթարկվող կրոնական փոքրամասնությունների դեպքում: Ծրագրվում է նաև հինգ հազարով ավելացնել սահմանի հսկողությունն ապահովող իրավապահների թիվն ու Նահանգներից վտարել ապօրինի ներգաղթյալներին:
Ավելի վաղ Թրամփը Թվիթերում գրել էր՝ օրը վճռորոշ է լինելու ազգային անվտանգության համար, և մանրամասնել՝ «մի շարք այլ քայլերից բացի մենք նաև պատ կկառուցենք»:
«Սեպտեմբեր 11»-ից մինչև Սան Բեռնարդինո՝ մենք համոզվեցինք, որ վտանգի տակ ենք դնում Ամերիկայի քաղաքացիների կյանքը, երբ չենք ստուգում, թե ովքեր են Միացյալ Նահանգներ մտնում», - դեռ անցած տարի՝ նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարում էր հանրապետական առաջնորդը, ընդգծելով՝ Ամերիկան պետք է անմիջապես դադարեցնի միգրանտների հոսքն այն երկրներից, որտեղ ահաբեկչությունը արմատներ է գցել:
«Իրավական առումով նախագահին ոչինչ չի խանգարում նման սահմանափակումներ մտցնել», - Reuters-ին ասել է նախորդ վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների քաղաքացիության ու ներգաղթի ծառայության գլխավոր փաստաբան Սթեֆըն Լեգոմսկին, մանրամասնելով՝ նախագահը իրավասու է սահմանափակել առանձին երկրներից փախստականների ընդունումն ու վիզաների տրամադրումը, եթե վարչակազմը որոշի, որ դա բխում է հասարակության շահերից:
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելով, Դոնալդ Թրամփն արդեն մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ չեղարկելով նախորդ վարչակազմի նախաձեռնությունները, այդ թվում՝ առողջապահական ոլորտում Բարաք Օբամայի իրականացրած բարեփոխումը: