Մատչելիության հղումներ

Ադրբեջանում առաջարկում են վերահսկողություն սահմանել ինտերնետի վրա


Ադրբեջան - Գրաքննություն ինտերնետում, ծաղրանկար
Ադրբեջան - Գրաքննություն ինտերնետում, ծաղրանկար

Ադրբեջանում բլոգերների և սոցիալական ցանցերի գործունեությունը համակարգելու մասին նոր օրենքի նախագիծ է մշակվում, այն շուտով ներկայացվելու է Միլի մեջլիսի դատին: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի անդամ, Մամուլի խորհրդի նախագահ Աֆլատուն Ամաշովը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ներկայացնելով իր հեղինակած փաստաթուղթը՝ Ամաշովը հայտարարել է, թե այսօր թեև աշխարհում բլոգերների գործունեությունը գնահատվում է այլ կերպ, Ադրբեջանում գոյություն ունի այլ մոտեցում այդ հարցին, և գործունեության սահմանները հստակեցված չեն:

Բառացի մեջբերելով ադրբեջանցի պատգամավորի խոսքերը՝ լրատվամիջոցները հարց են հնչեցնում, թե ի՞նչ սահմանների մասին է խոսքը:

Չնայած Ադրբեջանի անկախ լրատվամիջոցներում տեղ գտած դժգոհությանը, Ամաշովը աջակցության պակաս չունի: Նրա մտահոգությունը, պարզվում է, շատերն են կիսում:

«Ով ինչ ուզում գրում է: Այդ պատճառով էլ ոլորտում քաոս է տիրում», - հայտարարել է Ադրբեջանի պետականաշինության հարցերով բաժնի օրենսդրական սեկտորի ղեկավար Սերվան Սադիգովը:

«Ինչո՞վ է պայմանավորված Ամաշովի այդ նախաձեռնությունը, եթե Ադրբեջանի քրեական օրենսգիրքն առանց այդ էլ խստորեն հետապնդում է ոչ միայն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բլոգերներին, այլ նաև սոցցանցերի սովորական օգտատերերին», - «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է մեդիա իրավունքի մասնագետ Ալեքսեր Մամեդլին՝ հիշեցնելով, որ սոցիալական ցանցերի և բլոգերների գործունեությունը վերահսկող օրենսդրությունը խախտում է Կամարտահայտման ազատության մասին կոնվենցիան, որը Ադրբեջանը վավերացրել է 2001 թվականին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու նախաշեմին:

Վերջերս էլ Ադրբեջանի օրենսդիր մարմինը ընդունեց աղմկահարույց մի օրինագիծ, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում երկրի նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում է մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարով ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ է սահմանվում այն օգտատերերի համար, որոնք հանդես են գալիս կեղծանուններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG