Մատչելիության հղումներ

Քաղաքագետ. Հովիկ Աբրահամյանը շատ վտանգավոր մարդ է դառնում Սերժ Սարգսյանի համար


Ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ վտանգավոր մարդ է դառնում նախագահ Սերժ Սարգսյանի և իշխող Հանրապետական կուսակցության համար։

«Հովիկ Աբրահամյանը միշտ եղել է իշխանության մեջ, իսկ վերջին տարիներին ինքը շատ կարևոր դերակատարություն ուներ. այն ընտրական համակարգում, չակերտներով ընտրական համակարգում, որ գործում է Հայաստանում, կարևոր դերակատարություն ունի շտաբի պետ հասկացողությունը։ Հիշենք, որ Սերժ Սարգսյանի շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն էր, իսկ Սերժ Սարգսյանը ժամանակին Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետն էր։ Այդ շտաբի պետը ձեռք է բերում բոլոր այն ստվերային պայմանավորվածությունները, ըստ որոնց այդ ընտրությունները տեղի են ունենում ըստ մեր հայտնի եղանակի», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շարունակելով․ - «Այսինքն՝ շտաբի պետը դա գոյություն ունեցող համակարգի գարանտն է՝ այդ պայմանավորվածությունների, և, ըստ վերջին տասը տարվա փորձերի, շտաբի պետը լինում է հաջորդ նախագահը։ Համակարգը փոխելով՝ Սերժ Սարգսյանն այդ ավանդույթը կարծես թե ջարդում է, և Հովիկ Աբրահամյանն, ըստ երևույթին, շատ վտանգավոր մարդ է դառնում Սերժ Սարգսյանի համար, և Հովիկ Աբրահամյանը ման է գալիս նոր դերակատարություն, և իր գնալն այլ կուսակցություն՝ ես ընդդիմություն բառը չեմ օգտագործում, այլ՝ կուսակցություն, իմ կարծիքով, շատ վտանգավոր է Հանրապետական կուսակցության համար»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Աբրահամյանը միանա «Ծառուկյան դաշինքին», Դանիելյանը պատասխանեց. - «Աբրահամյանը կարծես թե ունի երկու տարբերակ՝ կա՛մ միանալ «Ծառուկյան դաշինքին», կա՛մ միանալ Սեյրան Օհանյանի դաշինքին։ Որի՞ն կմիանա՝ ես չեմ կարող ասել, բայց, հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի ունակությունները և Ծառուկյանի ունակություններն ու ռեսուրսները, եթե նրանք համատեղ գործեն, ապա Հայաստանում, ընտրական ավանդույթների համաձայն, նրանք կարող են գոնե երկրորդ տեղն ունենալ։ Իսկ երկրորդ տեղը, եթե Հանրապետական կուսակցությունը կայուն մեծամասնություն չապահովի, արդեն երկրորդ փուլում նրանք պետք է միմյանց դեմ մրցեն, և երկրորդ փուլի դեպքում Հանրապետական կուսակցության հնարավորություններն ավելի են նվազում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG