Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպան․ Դեռ վաղ է 1915 թ․ դեպքերի շուրջ Թրամփի վարչակազմից դիրքորոշում ակնկալելը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, 24-ը հունվարի, 2017 թ․
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, 24-ը հունվարի, 2017 թ․

Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի փոփոխության հետ կապված՝ նաև Միացյալ Նահանգների դեսպանների հնարավոր փոփոխության մասին հարցին, Ռիչարդ Միլսը նշեց՝ իր լիազորությունները դեռևս ուժի մեջ են:

Արդյո՞ք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում կարող է անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը դեռ չգիտի այս հարցի պատասխանը: Նրա խոսքով, դեռ վաղ է՝ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի դիրքորոշումն այս և մի քանի այլ հարցերի շուրջ ճշտելու համար:

«Պարոն Թրամփը, որքան ես գիտեմ, որպես թեկնածու, իր քարոզարշավի ժամանակ երբեք հայ-թուրքական հարաբերություններին չի անդրադարձել, և առայժմ վաղ է, որ կարողանամ ասել, թե ինչպիսին կլինի նոր վարչակազմի դիրքորոշումը մի շարք հարցերի, այդ թվում՝ այս հարցի վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դեսպան Միլսը, հավելելով՝ «ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխըմռնում ու հաշտեցում լինի, քանի որ դա բխում է տարածաշրջանի, Կովկասի շահերից: Դա այն է, ինչը խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջան»:

ԱՄՆ-ի դեսպանն այսօր մասնակցում էր հայ և թուրք լուսանկարիչների՝ Երևանում կազմակերպված համատեղ ցուցահանդեսի բացման արարողությանը: «Կամրջելով պատմությունները» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 7-ը: Միացյալ Նահնգների դեսպանի խոսքով, այս ցուցահանդեսը կարևոր է, քանի որ ցույց է տալիս, թե որքան ընդհանրություններ կան հայ և թուրք ժողովուրդների միջև:

«Հենց այդ ընդհանրությունների գիտակցումը կարող է օգնել հաշտեցման հասնելու հարցում: Հաշտեցում, որ մենք ցանկանում ենք տեսնել հայ և թուրք ժողովուրդների միջև»,- ասաց դեսպանն ու շարունակեց՝ «Մենք միշտ հստակ նշել ենք, որ հաշտեցման համար անհրաժեշտ է, որ լինի լիարժեք, անկեղծ և արդար ճանաչում այն դեպքերի, որոնք տեղի են ունեցել 100 տարի առաջ՝ 1915 թվականին»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի փոփոխության հետ կապված՝ նաև Միացյալ Նահանգների դեսպանների հնարավոր փոփոխության հարցին, Ռիչարդ Միլսը նշեց, որ իր լիազորությունները դեռևս ուժի մեջ են: «Անկեղծ ասած՝ ինձ յուրաքանչյոր պահի կարող են առաջարկել՝ թողնել պաշտոնը: Ինչպես յուրաքանչյուր ԱՄՆ-ի դեսպան, ես ևս ծառայում եմ երկրի նախագահին: Բայց այս պահին, ոչ, նման պահանջ չի եղել: Իմ պաշտոնը վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա»,- ասաց Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով, թե շատ ուրախ է դրա համար և ցանկանում է ապրիլին կայանալիք ընտրությունների ժամանակ Հայաստանում լինել:

«Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան լինելն աշխարհում լավագույն աշխատանքն է, ոչ մեկին չասեք»,- լրագրողների հետ զրույցի ավարտին կատակեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG