Մինչ Բրյուսելը փորձում է մեղմել բալկանյան երկրների միջև առկա տարաձայնությունները, Կոսովոյի վարչապետը Սերբիային մեղադրել է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ:
Կոսովոյի կառավարության ղեկավար Իսա Մուստաֆան այսօր հայտարարել է, թե վերջին շրջանում Սերբիան պարբերաբար փորձում է ապակայունացնել իրավիճակը Կոսովոյում: Այդ հայտարարությունը հնչել է Բրյուսելում՝ Կոսովոյի և Սերբիայի նախագահների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ:
Բելգրադի և Պրիշտինայի հարաբերությունները կտրուկ սրվեցին հունվարի սկզբներին, երբ պաշտոնական Բելգրադը փորձեց վերականգնել երկաթուղային կապը Սերբիայի և Կոսովոյի հյուսիսում գտնվող՝ առավելապես սերբերով բնակեցված Կոսովսկա Միտրովիցա քաղաքի միջև: Առաջին գնացքը նկարազարդվել էր «Կոսովոն Սերբիայի տարածքն է» մակագրություններով` արված աշխարհի 21 լեզուներով: