Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը շնորհավորել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետին


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին։

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում ասված է. - «Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր գիտելիքներն ու հարուստ փորձը լավագույնս կծառայեն ի բարօրություն նահանգի բնակչության։ Նոր Հարավային Ուելսը, առաջատար դերակատարություն ունենալով Ավստրալիայի տնտեսական ու քաղաքական կյանքում, հայտնի է նաև որպես մի երկրամաս, որտեղ մշտապես կարևորել են ժողովուրդների ազատությունն ու իրավահավասարությունը, մարդու իրավունքներն ու համընդհանուր ժողովրդավարական արժեքները։ Այդ իրողության վառ արտահայտությունն է նաև 2012 թվականի հոկտեմբերի 25-ին նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր շունչ ու բովանդակություն կհաղորդվի Արցախի և Նոր Հարավային Ուելսի միջև բարեկամական կապերին՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության հաստատմանը։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ Ձեր առաքելության իրականացման ճանապարհին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG