Պենտագոնը հերքում է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե իբր տվյալներ է փոխանցել Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին ռուսական օդուժի հարվածների համար:
Ռուսաստանյան մի շարք պետական լրատվամիջոցներ նախօրեին հաղորդել են պաշտպանության նախարարության հայտարարության մասին, որում ասվում էր, թե Վաշինգտոնը օգտագործել է «ուղիղ գիծը» Հմեյմիմ ռուսական ավիաբազա տվյալներ փոխանցելու համար՝ Հալեպ քաղաքի Էլ-Բաբ շրջանում օդային հարվածներ հասցնելու համար:
Մասնավորապես,« Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարությունը, հաղորդել է, որ հետախուզություն անցկացնելու հետո երկու ռուսական օդանավ և երկու օդանավ միջազգային կոալիցիայի ուժերից հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին: Նախարարությունը նման հայտարարություն չի տեղադրել իր պաշտոնական կայքէջում կամ Ֆեյսբուքում, չնայած RT и ТАСС լրատվական գործակալությունները հայտարարության մասին հաղորդել են նույն բառերով:
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը, սակայն, իսկույն հերքել է այդ տեղեկատվությունը: «Պաշտպանության նախարարությունը չի համակարգում օդային հարվածները Սիրիայում ռուսական զինվորականների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին էլեկտրոնային նամակի միջոցով հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Փահոնը:
Սիրիայում վեց տարի շարունակվող պատերազմի հարցում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները իրար հակասող դիրքորոշումներ ունեն՝ Մոսկվան աջակցում է նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Վաշինգտոնն ու դաշնակիցները՝ Ասադի դեմ պատերազմող որոշ ապստամբ խմբավորումների: