Մատչելիության հղումներ

Վրաստանում առաջարկվում է նոր Սահմանադրությունում ամրագրել եվրատլանտյան ձգտումները


Վրաստան - Վրաստանի, ՆԱՏՕ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների դրոշները Կրծանիսիի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ռազմաուսումնական կենտրոնում, հունվար, 2017թ․
Վրաստան - Վրաստանի, ՆԱՏՕ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների դրոշները Կրծանիսիի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ռազմաուսումնական կենտրոնում, հունվար, 2017թ․

Վրաց խորհրդարանականներն առաջարկում են մշակման փուլում գտնվող նոր Սահմանադրության տեքստում ամրագրել երկրի եվրատլանտյան ձգտումները: Երեկ Թբիլիսիում կայացած սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում այս կառույցի անդամները քննարկել են մի խումբ խորհրդարանականների առաջարկը` նոր Սահմանադրության նախաբանում Վրաստանի` ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու ձգտման մասին հատուկ կետի ընդգրկումը: Իշխող «Վրացական երազանք»-ի անդամները, սակայն, այս առաջարկին դեմ են:

«Այն համակարգը, որի շրջանակներում մենք պատկերացնում ենք Վրաստանի ապագան, շատ հստակ է՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, երկրի անվտանգության ապահովում: Երկարաժամկետ հեռանկարում այս ամենը մեզ կարող են առաջարկել հենց եվրատլանտյան կառույցները: Բայց նույնիսկ այդ պարագայում, ես չեմ կարծում, որ ճիշտ է այս կամ այն միջազգային կառույցի անվանումն ընդգրկել երկրի Սահմանադրության տեքստում», - հայտարարում էր «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար անդամներից Գեորգի Վոլսկին:

Խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ «Դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն ևս կտրականապես ընդդիմացավ այս գաղափարին: Նրա խոսքով՝ խայտառակություն է, երբ պետությունն իր կյանքը կարգավորող թիվ մեկ փաստաթղթում միջազգային որևէ կառույցի կամ ռազմաքաղաքական դաշինքի անուն է զետեղում:

«Ես չեմ կարծում, որ իրեն հարգող և նորմալ որևէ պետություն այս կամ այն կազմակերպությանն իր անդամակցության հարցը կարող է ընդգրկել Սահմանադրության մեջ որպես առաջնահերթություն: Իսկ եթե այդ կազմակերպությունը հանկարծ փլուզվի, ի՞նչ է, մենք նորի՞ց պետք է Սահմանադրություն գրենք», - դիմելով լրագրողներին՝ հռետորական հարց էր հնչեցնում Բուրջանաձեն:

Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը Սահմանադրության տեքստում ընդգծելու մասին առաջին անգամ 2015-ի ամռանը խոսեց այն ժամանակ խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Ուսուպաշվիլին: Ուշագրավ է, որ Նինո Բուրջանաձեն մեկուկես տարվա վաղեմություն ունեցող այդ բանավեճի ակտիվ մասնակիցներից էր: 2015 թվականին նա առաջարկում էր սահմանադրորեն ամրագրել Վրաստանի չեզոք կարգավիճակը` դուրս բոլոր տեսակի ռազմաքաղաքական դաշինքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG