Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի վերագործարկման հարցով աշխատակիցները դիմում են քաղաքական ուժերին


«Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ցույցի ժամանակ, արխիվ

Աշխատակիցները տեղեկություն ունեն, թե գործարանի հիմնական մասը պարտքերի դիմաց վաճառվելու է, ինչն էլ նշանակում է «Նաիրիտ»-ի կործանում։

«Նաիրիտ»-ի ցույցերը համակարգող խումբը կոչ է անում քաղաքական ուժերին գործարանի վերագործարկման հարցով դիմել կառավարությանը: Այսօր կազմակերպված քննարկմանը ներկա քաղաքական ուժերը հիմնականում դրական արձագանքեցին այս առաջարկին: Քննարկմանը ներկա էին «Ալյանս», «Հայկական վերածնունդ», «Համախմբում», «Ազատ դեմոկրատներ» և այլ կուսակցություններ:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե իրենք պատրաստ են աջակցել, սակայն հավելեց՝ գործարանը կաշխատի միայն իշխանափոխության դեպքում։

«Մենք հենց հիմա տալիս ենք ձեզ երկու կարևոր խոստում․ առաջինը՝ իշխանության գալու դեպքում մենք վերագործարկելու ենք «Նաիրիտ» գործարանը հենց քլորոպրենային կաուչուկի արտադրության առումով: Երկորրդը՝ մենք քննելու ենք բոլոր տասնյակ միլիոնների չարաշահումները, որոնք տեղի են ունեցել «Ռայնովիլ»-ի հետ կապված, բայց դրա հետևում իրականում թաքնված են իշխանությունները, Տիգրան Սարգսյանը և բազմաթիվ այլ մարդիկ», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Քննարկմանը ներկա մյուս կուսակցությունները Զուրաբյանին նախընտրական քարոզչության մեջ մեղադրեցին, նա էլ նշեց, թե «Նաիրիտ»-ի հարցն իրենք միշտ են բարձրացրել, հիմա պարզապես ճշմարիտ դիրքորոշում արտահայտելու ժամանակ է․ - «Նախընտրական առումով սա պահ է, ճշմարտության պահ է, որ բոլոր կուսակցությունները կարողանան իրենց մոտեցումները ժողովրդի առաջ ցույց տալ»:

Նաիրիտցիների խոսքով, իրենք արդեն երկու տարի է պայքարում են գործարանի վերագործարկման համար, սակայն կանգնել են կոտրած տաշտակի առջև՝ դատարանի կողմից գործարանը սնանկ ճանաչվեց, տարբեր կառույցներին ուղղված բազմաթիվ նամակներն էլ հիմնականում անպատասխան են մնացել: Ի դեպ, կառավարության ներկայացուցիչները թեև այսօրվա քննարկմանը հրավիրվել էին, սակայն ներկա չէին:

«Էներգետիկայի նախարարություն, զարգացման նախարարություն, «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն և ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն: Բոլորին հրավիրել էինք այսօրվա մեր այս հավաքին: Ոչ մեկը չի եկել: Այսինքն՝ ոչ մեկին չի հետաքրքրում այս հարցը», - ասաց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության հայտարարած մրցույթին, որի վերջնաժամկետը հունվարի 20-ն էր գործարանը վերագործարկել ցանկացող միայն մեկ ընկերություն է դիմել, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն»-ին այսպիսի հնարավորություն կտրվի, թե ոչ։

«Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի խոսքով՝ իրենք տեղեկություն ունեն, թե գործարանի հիմնական մասը պարտքերի դիմաց վաճառվելու է, ինչն էլ նշանակում է «Նաիրիտ»-ի կործանում։

«Սնանկության գործընթացը իրենք տանում են մնչև վերջ: Այսինք, գրանցված պահանջատերերի պարտքերը մարելու համար, իսկ դա մոտավորապես 80-100 միլիոն դոլար է, «Նաիրիտ» գործարանը կիսում են երկու մասի: Մի մասը պարտքի դիմաց տալիս են սնանկության կառավարչին, որպեսզի սնանկության կառավարիչը օտարի դրանք, փակի պարտքերը, մի մասի մեջ մտնում է նաև հիմնական նաև գործարանի կաուչուկի արտադրությունը ամբողջությամբ՝ քլորոպրենի, ացետիլենի արտադրությունը: Մի մասն էլ առողջացման ծրագրի անվան տակ առանձնացնում են տալիս են «Նաիրիտ» գործարանին: Առողջացման ծրագրի տակ էլ իրենք տեսնում են միայն քլորի արտադրություն: Իսկ դա նշանակում է «Նաիրիտ» գործարանը ամբողջությամբ տանել կործանման: Դրանից հետո «Նաիրիտ» գործարանը ոչ ոք չի վերականգնի», - ասաց Իսրայելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG