Մատչելիության հղումներ

ԱՄՆ 45-րդ նախագահն սկսում է առաջին աշխատանքային շաբաթը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթի ժամանակ, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթի ժամանակ, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօրվանից սկսում է առաջին աշխատանքային շաբաթը, հենց երկուշաբթի հանդիպելով Կոնգրեսի երկու ճամբարների, Ամերիկայի ազդեցիկ գործարարների ու արհմիությունների հետ՝ իր առաջիկա քայլերը ներկայացնելու և նրանց կարծիքը լսելու համար:

Նախընտրական շրջանում Թրամփը խոստանում էր աշխատանքի առաջին 100 օրվա մեջ շրջադարձային փոփոխություններ իրականացնել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, և առայժմ, կարծես, մտադիր չէ այս ծրագրից շեղվել: Օբամայի առողջապահական ոլորտի բարեփոխումներն ու բնապահպանական ծրագրերն արդեն չեղարկման փուլում են, երեկ սկսվել են բանակցությունները նաև Կանադայի ու Մեքսիկայի հետ՝ հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի պայմանները փոխելու շուրջ: «Առաջիկա օրերին ես կհանդիպեմ Կանադայի ու Մեքսիկայի առաջնորդների հետ», - նախօրեին հայտարարեց Թրամփը, ընդգծելով, որ ազատ առևտրից բացի՝ Մեքսիկայի նախագահի հետ բանակցությունների օրակարգում են նաև միգրացիոն հարցերն ու իր նախընտրական խոստումը՝ երկու երկրների սահմանին պատ կառուցելու մասին:

«Այս շաբաթ նախագահի ուշադրության կենտրոնում են լինելու արտաքին առևտրին, ներգաղթին, ազգային անվտանգությանն ու հարկային փոփոխություններին վերաբերող հարցեր», - Fox News-ի եթերում երեկ հայտարարել է Թրամփի աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրիբյուսը, ընդգծելով՝ հենց այս օրերին Սպիտակ տան նոր ղեկավարը կարող է վճռորոշ հրամանագրեր ստորագրել դրանց վերաբերյալ:

Մինչ այդ, Սենատի մի խումբ ազդեցիկ ներկայացուցիչներ՝ թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական ճամբարներից, պատրաստվում են օրինագիծ ներկայացնել, որը կպարտավորեցնի նորընտիր նախագահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկել միայն Կոնգրեսի հավանությունը ստանալու դեպքում: Նախաձեռնության հեղինակը Սենատի փոքրամասնության ներկայացուցիչ, դեմոկրատ Չարլզ Շումերն է, ում միացել են նաև Կրեմլի նկատմամբ իրենց կոշտ դիրքորոշմամբ հայտնի հանրապետականներ Ջոն ՄըքՔեյնն ու Լինսդի Գրեհամը: «Հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինա, ինչպես նաև կասկածները այդ երկրի կողմից ամերիկյան ընտրություններին միջամտելու վերաբերյալ, կարելի է ասել, որ այսօր Ռուսաստանը այնպիսի վտանգ է ներկայացնում, որ Ամերիկան իր պատմության մեջ դեռ չի տեսել», - հայտարարել է օրինագծի հեղինակ Չարլզ Շումերը:

Սպիտակ տնից օրենսդիրների այս նախաձեռնությանը դեռ չեն արձագանքել, փոխարենը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե սկսվել են բանակցությունները՝ երկու երկրների առաջնորդների միջև առաջին հեռախոսազրույցը կազմակերպելու համար: Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին դեմ առ դեմ հանդիպման ծրագրեր առայժմ չկան, հայտարարել է Պուտինի խոսնակը, հավելելով՝ հանդիպման նախապատրաստություններ կսկսվեն, եթե հեռախոսազրույցի ընթացքում դրա անհրաժեշտությունն առաջանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG