Մատչելիության հղումներ

Վահան Շիրխանյանի փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել իր վստահորդին


Փաստաբան Կարինա Մոսկալենկոն, արխիվ:
Փաստաբան Կարինա Մոսկալենկոն, արխիվ:

Ստրասբուրգից Հայաստան ժամանած ռուս փաստաբան Կարինա Մոսկալենկոն, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնում է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը, այսօր չի կարողացել ՔԿՀ-ում հանդիպել իր վստահորդին:

«Անհիմն մերժել են», - ասաց Մոսկալենկոն:

Փաստաբանը դատարան էր եկել՝ հույս ունենալով, որ Նորք-Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատատական նիստին կհանդիպի Շիրխանյանին: Վերջինս, սակայն, նիստին ներկա չէր:

Մոսկալենկոն ասաց՝ սա կոպտագույն խախտում է, ու ինքն այդ մասին տեղյակ կպահի եվրոպական դատարանին․ - «Հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով եկել եմ Երևան, որպեսզի վստահորդիս տեսնեմ: Տեղեկություններ ունեմ նրա առողջական կրիտիկական վիճակի մասին: Թեպետ Հայկ Ալումյանը դեռ հունվարի 16-ին դիմում է ներկայացրել, որ ես պետք է հանդիպեի Շիրխանյանին, ես էլ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով առավոտյան գնացի քրեակատարողական հիմնարկ, բայց շատ տարօրինակ բացատրույթյուններով ինձ արգելեցին տեսակցել վստահորդիս: Ասացին՝ ինչպե՞ս իմանանք, որ Դուք փաստաբան եք, կամ ի՞նչ գիտենք, որ Շիրխանյանն առհասարակ ցանկանում է ձեզ հանդիպել․․․ և այլն: Ես պահանջել եմ, որպեսզի ինձ գրավոր ներկայացնեն արգելելու օրինական հիմքերը՝ հղում անելով համապատասխան օրենքներին՝ եթե դրանք կան իհարկե: Եթե ինձ դա չտրամադրվի, ես այս մասին տեղյակ կպահեմ Եվրոպական դատարանին: Այսպիսի վարքը խրախուսելի չէ ու չի կարող օրինական համարվել: Սա կատակ բան չէ, սա շատ ամոթալի խախտում է»:

Իսկ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստն արդեն երրորդ անգամ հետաձգվեց՝ կրկին Շիրխանյանի բացակայության պատճառով:

Մեղադրող դատախազը դատարանից պահանջեց միջոցներ ձեռնարկել՝ Շիրխանյանի ներկայությունը հաջորդ նիստին ապահովելու համար: Դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, որ պատճառը նույնն է՝ Շիրխանյանը հրաժարվել է ներկայանալ:

Փաստաբան Հայկ Ալումյանը հակադարձեց՝ Շիրխանյանը պատրաստ է ներկայանալ, միայն թե՝ պատգարակով․ - «Իրենք հազար տեղեկանք ունեն, որ պարոն Շիրխանյանի վիճակը շատ լավ է: Բայց իրա տեսքին նայողի համար պարզ է, թե իրականում ինչ է կատարվում: Նրան այնտեղ աստիճանաբար սպանում են: Իրենք չեն ուզում, որ պարոն Շիրխանյանի վիճակը դառնա տեսանելի: Նաև ներկայացրեցի երեկ չէ առաջին օրը նրան այցելած նյարդաբանի գրավոր կոնսուլտացիան՝ հիմնվելով Կա-Տե հետազոտությունների արդյունքների վրա, ոչ թե պարոն Շիրխանյանի խոսքերի վրա։ Այդ հետազոտությունից երևում է, որ ողերով սեղմվել են նյարդերը»:

Փաստաբան Իննեսա Պետրոսյանը միջնորդեց նիստը հետաձգել ոչ թե մեկ շաբաթով, այլ մեկ ժամով, որպեսզի ՔԿՀ-ից Շիրխանյանին պատգարակով բերեն դատարան: Թեպետ Պետրոսյանի միջնորդությանը ևս մի քանի փաստաբաններ միացան, այդուհանդերձ դատարանն անտեսեց միջնորդությունն ու նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

Անցած տարի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի շրջանակներում, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել 33 անձի: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

XS
SM
MD
LG