Մատչելիության հղումներ

«Օհանյանը, Օսկանյանը և Դալլաքյանը ձևավորել են Սերժ Սարգսյանի աշխատողների դաշինք»․ Մարուքյան


Էդմոն Մարուքյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ «Ժառանգությունը» կմիանա «Ելք» դաշինքին:

«Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքը՝ բացառելով, թե կհամագործակցեն Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի և Վիկտոր Դալլաքյանի հետ: Վերջիններիս ձևավորած դաշինքի համար Մարուքյանն անգամ անվանում է մտածել՝ Սերժ Սարգսյանի աշխատողների դաշինք։

«Վիկտոր Դալլաքյանի հետ հիմա ի՞նչ կարել է անել ընդհանրապես: Մի դաշինքում, որտեղ կա Վիկտոր Դալլաքյան, էնտեղ ի՞նչ են ուզում անեն իրենք: Սերժ Սարգսյանի աշխատողներով հավաքվել են ուզում են իշխանափոխությու՞ն անեն, աբսուրդ»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:

Նա կարդացել է նշված կուսակցությունների դաշինքի հնարավոր ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությունները և պնդում է, որ դրանցում իշխանությանը հակադրվող կարծիքներ չի գտել՝ «Խոսքեր, շատ գեղեցիկ, շատ նորմալ ա․․․բայց, հիմա ասենք՝ եթե վաղը, չգիտեմ, Աշոտյանն էլ միանա էդ դաշինքին, պետք է ասենք ընդդիմադիր դաշի՞նք է, կամ վաղը Շարմազանովը հայտարարություն տարածի, ասի՝ այլևս անհնար է շարունակել այս ճանապարհով, ի՞նչ, ուրեմն պետք է ասենք՝ ինքն արդեն ընդդիմությու՞ն է»:

Էդմոն Մարուքյանը չի կարծում, թե կհամագործակցեն «Ծառուկյան» դաշինքի հետ։ Թեև հստակ ծրագրային հայտարարություններ դեռ չեն եղել, բայց վստահ է, որ իրենց տեսլականները տարբեր են։ ««Ելք» դաշինքի անունից չեմ կարող խոսել, և այդ հարցը չի քննարկվել: Գիտեք, էնտեղ կոնսենսուսով են հարցերը որոշվում: Եթե քննարկվի, չեմ կարծում, թե նման որոշում հնարավոր է կայացնել»,- ասաց պատգամավորը:

Նրա համար հատկապես տարօրինակ է հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանի շտաբի պետը վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն է։ Պատգամավորի պնդմամբ, խորհրդարանի կողմից ընտրված պաշտոնյան պետք է անաչառ լինի և արձակուրդում գտնվելն այս պարագայում ոչինչ չի փոխում։ Մարուքյանը շեշտում է՝ Իշխան Զաքարյանը թիկնապահներ և ուղեկցող մեքենա ունի, որը, փաստորեն, նա հիմա օգտագործում է նաև քաղաքական ուժի շտաբի պետի գործառույթները կատարելիս։

«Որպես Ազգային ժողովի պատգամավոր, ես դա գնահատում եմ աբսուրդ: Չի կարող նման բան լինել: Դա նույնն է, որ հիմա խորհրդարանի կողմից ընտրված գլխավոր դատախազն էլ կամ խորհրդարանի կողմից ընտրված այլ պաշտոնյաներ, որոնք քաղաքական զսպվածություն և անաչառություն պետք է դրսևորեն, հայտարարեն, որ միանում են այս կամ այն ուժին, պահպանելով իրենց պաշտոնը»,- տարակուսում է պատգամավորը:

Վաղը «Ելք» դաշինքը համաժողով կգումարի և առաջիկա ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր կհստակեցնի։ Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին «Ժառանգություն» կուսակցության հետ են բանակցում, և շատ հավանական է, որ այդ կուսակցությունը ևս միանա իրենց դաշինքին։

«Մենք կարող ենք միավորվել, մեծ հաշվով ավարտին հասցնել ընդդիմադիր դաշտում դաշինքի ձևավորման գործընթացը, որովհետև, որքան հասկանում ենք, մնացած բոլոր ուժերն արդեն կողմնորոշված են, և մեր կողմից ամենաընդունելի ուժը, որը կարող է մեր դաշինքին հավասարազոր գործընկեր լինել, դա «Ժառանգություն» կուսակցությունն է: Մեր դուռը բաց է, և մենք սպասում ենք «Ժառանգության» որոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG