Մատչելիության հղումներ

Օբաման իր վերջին ասուլիսում հակադարձեց Թրամփին


Բարաք Օբամայի վերջին մամլո ասուլիսը Սպիտակ տանը, 18-ը հունվարի, 2017 թ․
Բարաք Օբամայի վերջին մամլո ասուլիսը Սպիտակ տանը, 18-ը հունվարի, 2017 թ․

ԱՄՆ-ի հեռացող նախագահի խոսքով, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն առնչություն չունեն այդ երկրի միջուկային զինանոցի հետ և հետևանք են Ուկրաինայի հանդեպ՝ Կրեմլի իրականացրած «օկուպացիոն քաղաքականության»:

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ Բարաք Օբաման հայտարարեց՝ պետք չէ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կապել միջուկային սպառազինությունները սահմանափակելու հարցով բանակցություների արդյունքների հետ: Օբամայի խոսքով, այդ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել Ուկրաինայի հանդեպ իրականացվող քաղաքականությունը:

ԱՄՆ-ի դեռևս գործող նախագահի այս մեկնաբանությունն առաջին արձագանքն էր ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 16-ին հնչեցրած այն հայտարարության, թե Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցների վերացումը հնարավոր կդառնա այդ երկրի միջուկային զինանոցի կրճատման դեպքում:

Սպիտակ տանը կայացած իր վերջին ասուլիսում Օբաման ընդգծեց՝ պատժամիջոցները սահմանվել են ոչ թե միջուկային զենքի հետ կապված խնդիրների պատճառով, այլ այն, որ Ռուսաստանն ուժային ոտնձգություն է կատարել անկախ և ինքնիշխան երկրի՝ Ուկրաինայի հանդեպ: Ըստ նրա, սա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև միջազգային հանրության վճիռն է:

«Ռուսաստանը շարունակում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը, միջամտել այդ երկրի գործերին և աջակցել այն զինյալներին, որոնք խարխլում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Ահա թե ինչ կասեի ես ռուսներին՝ որքան շուտ դադարեցնեք այդ ամենը, այնքան շուտ կվերանան պատժամիջոցները»,- ասաց Օբաման: Նա նշեց նաև, որ ԱՄՆ-ի համար կարևոր է պահպանել հետևյալ սկզբունքը՝ մեծ երկրները չպետք է գրավեն և ներխուժեն փոքր երկրներ:

Ռուսաստանն, իր հերթին, մեղադրում է ԱՄՆ-ին՝ 2003 թվականին Իրաք ներխուժելու համար: Կրեմլի քննադատության թիրախում է նաև Մերձավոր Արևելքում Օբամայի վարած քաղաքականությունն ու 2011-ին Լիբիայում իրականացրած միջամտությունը: Ինչ վերաբերում է միջուկային սպառազինությունների կրճատմանը, Բարաք Օբամայի նախագահության շրջանում այդ ուղղությամբ որոշակի քայլեր են կատարվել՝ 2010 թվականին Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են «Նոր մեկնարկ» կոչվող պայմանագիրը, ըստ որի, կողմերը համաձայնել են միջուկային զինանոցի ոչ մեծ կրճատուներ կատարել: Ու թեև հետագա տարիներին Օբաման ձգտում էր շարունակել բանակցություններն այդ ուղղությամբ, բայց երկու երկրների հարաբերությունների վատացման պատճառով դա տեղի չունեցավ:

Իր վերջին ասուլիսում Բարաք Օբաման նաև նկատեց՝ Ռուսաստանը սրեց հակաամերիկյան հռետորաբանությունը հատկապես այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը 2012 թվականին վերադարձավ ՌԴ նախագահի պաշտոնին:

Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին, ԱՄՆ-ի հեռացող նախագահն ասաց, թե մտադիր է որոշ ժամանակ հանգստանալ, գիրք գրել ու չխանգարել իր հաջորդին՝ երկրի կառավարման գործում: Սակայն, կան թեմաներ, որոն շուրջ Օբաման չի տատանվի բարձրաձայնել իր խոսքը: «Դա տեղի կունենա այն դեպքում, երբ վտանգված կլինեն մեր հիմնական արժեքները»,- հայտարարեց Օբաման, իբրև նման օրինակներ նշելով քվեարկության նոր խոչընդոտները, բազմակարծությունը կամ մամուլը լռեցնելու ինստիտուցիոնալ ջանքերը և մանուկ հասակում ԱՄՆ տեղափոխված, սակայն, փաստաթղթեր չունեցող անձանց արտաքսելուն միտված քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG